Գագիկ Բեգլարյանն ընդունեց Իրաքի Հանրապետության տրանսպորտի նախարարին (լուսանկար, տեսանյութ)
TV
Փետրվարի 27-ի առավոտյան ՀՀ տրանսպորտի և կապի նախարարության ներկայացուցիչների ուղեկցությամբ պատվիրակությունը եղավ Ծիծեռնակաբերդի բարձունքում, ծաղիկներ դրեց Մեծ եղեռնի զոհերի հիշատակը հավերժացնող հուշահամալիրին և մեկ րոպե լռությամբ հարգեց 20-րդ դարի առաջին ցեղասպանության անմեղ զոհերի հիշատակը:

Այնուհետ, ՀՀ տրանսպորտի և կապի նախարարությունում, Իրաքի Հանրապետության տրանսպորտի նախարար Բաքիր Ջաբե Ալ-Զուբաիդիի գլխավորած պատվիրակությանն ընդունեց ՀՀ տրանսպորտի և կապի նախարար Գագիկ Բեգլարյանը:
Ողջունելով բարձրաստիճան հյուրերին՝ նախարարը կարևորեց իրաքցի գործընկերոջ այցը Հայաստան՝ Բաղդադ-Երևան-Էրբիլ ուղիղ չվերթով, որպես տրանսպորտի ոլորտում հայ-իրաքյան հարաբերությունների զարգացման և ամրապնդման կարևոր քայլ:
Շնորհակալություն հայտնելով Գագիկ Բեգլարյանին ջերմ ընդունելության համար՝ Իրաքի Հանրապետության տրանսպորտի նախարար Բաքիր Ջաբեր Ալ-Զուբաիդին շեշտեց, որ Բաղդադ-Երևան-Էրբիլ ուղիղ չվերթի մեկնարկով նոր հնարավորություններ են բացվում երկու երկրների առևտրաշրջանառության, ուղևորափոխադրումների և գործընկերային հարաբերությունների զարգացման համար:
Հանդիպմանը հաջորդած առանձնազրույցից հետո երկու երկրների նախարարները պատասխանեցին լրագրողների հարցերին: