Բիթլզ բրիտանական աշխարհահռչակ ռոք-խումբ Լիվերպուլ քաղաքից: Ստեղծվել է 1960 թվականին: Լեգենդար խմբի անդամներն էին Ջոն Լենոնը (ռիթմ-կիթառ, սոլո-կիթառ, բաս-կիթառ, ստեղնաշար, փողային գործիքներ, հարվածային գործիքներ, վոկալ), Փոլ Մաքքարթնին (բաս-կիթառ, ստեղնաշար, հարվածային գործիքներ, կիթառ, վոկալ), Ջորջ Հարրիսոնը (սոլո-կիթառ, ռիթմ-կիթառ, սիթառ, ստեղնաշար, հարվածային գործիքներ, վոկալ) և Ռինգո Սթարը (հարվածային գործիքներ, ստեղնաշար, վոկալ): Ինչպես նաև տարբեր ժամանակներում խմբի կազմում են եղել Փիթ Բեստը (հարվածային գործիքներ, վոկալ), Ստյուարտ Սատկլիֆը (բաս-կիթառ, վոկալ) և Ջիմի Նիկոլը (հարվածային գործիքներ):
1950-ականներին սկսելով հետևել ամերիկյան դասական ռոք-ն-ռոլին, Բիթլզը եկավ իր սեփական ոճին և հնչողությանը: Բիթլզը զգալի ազդեցություն ունեցավ ռոք երաժշտությանը և մասնագետների կողմից ճանաչվել է, որպես 20-րդ դարի ամենահաջող խմբերից մեկը, ինչպես ստեղծագործական, այնպես էլ կոմերցիոն առումով: Շատ ռոք երաժիշտներ խոստովանում են, որ դարձել են այդպիսին, Բիթլզի երգերի ազդեցությամբ: Խումբը համաշխարհային ճանաչում ստացավ 1963 թվականին' «Please Please Me/Ask Me Why» սինգլի թողարկումից հետո և իր ստեղծարարությամբ սկիզբ դրեց գլոբալ մի երևույթի, «բիթլմանիա» անունով:
Քառյակը դարձավ բրիտանական առաջին խումբը, որի ձայնասկավառակները մեծ ճանաչում ձեռք բերեցին ԱՄՆ-ում և գրավեցին առաջին հորիզոնականները: Խմբի երաժիշտներին, իրենց պրոդյուսերին և ձայնային ռեժիսոր Ջորջ Մարտինին են պատկանում ձայնագրության բնագավառի նորարարություններ. տարբեր ոճերի համադրությունը, այդ թվում սիմֆոնիկ և փսիխոդելիկ երաժշտությունը, ինչպես նաև տեսահոլովակների նկարահանումը։
Բիթլզի ստեղծագործությունների մեծամասնությունը ստեղծված են համահեղինակային ու ստորագրված Ջոն Լենոնի և Փոլ Մաքքարթնիի անուններով: Rolling Stone 500 ցուցակում առաջին տեղը զբաղեցնում է Sgt. Pepper’s Lonely Hearts Club Band ալբոմը (և ևս չորս ալբոմ առաջին տասնյակում): The Beatles ալբոմը ԱՄՆ-ում 19 անգամ ճանաչվեց պլատինե: Խումբը նվաճել է 7 Գրեմի մրցանակ: Let it Be ֆիլմը ստացավ երկու Օսկար մրցանակ: Խմբի չորս անդամներն էլ, ի նշան երկրի առաջ իրենց արժանիքի, պարգևատրվել են Բրիտանական կայսրության շքանշանով։ Ըստ Rolling Stone ամսագրի, Բիթլզը «բոլոր ժամանակների 50 լավագույն կատարողների» ցուցակում զբաղեցնում է առաջին տեղը։
Բիթլզի անդամները դադարեցրին իրենց համատեղ աշխատանքը 1970 թվականին, չնայած դեռ 1967-ին Փոլը և Ջոնը շոուբիզնեսում կատարում էին սեփական նախագծերը: Իսկ արդեն խմբի լուծարումից հետո խմբի անդամներից յուրաքանչյուրը շարունակեց իր սոլո կարիերան: 1980 թվականին սեփական տան մոտ սպանվեց Ջոն Լենոնը, 2001-ին քաղցկեղից մահացավ Ջորջ Հարրիսոնը: Փոլ Մաքքարթնին և Ռինգո Սթարը շարունակում են ստեղծագործել:
Նախկինում չհրապարակված "Beatles" հազվագյուտ գունավոր լուսանկարները շուտով կդրվի աճուրդի: Այս լուսանկարները արվել են 1964 թ., լեգենդար խմբի ԱՄՆ առաջին շրջագայության ժամանակ: Կոլեկցիոներները եւ խմբի երկրպագուները արդեն մեծ հետաքրքրություն են ցուցաբերում այս լուսանկարների հանդեպ: