Հայաստանյան ներքաղաքական կյանքը թատրո՞ն է, թե՞ իրականություն, ահա այս հարցն է, որ մշտապես տանջում է հանրության մի ստվար զանգվածի: Անկախացումից ի վեր` հայ ժողովուրդը, տեսնելով ցուրտ ու մութ տարիներ, կարծես թե, հաշտվել է այն մտքի հետ, որ լավ ապրելու եւ խնդիրները լուծելու միակ ելքն Ազատության հրապարակում հավաքվելն է: Մարդիկ հավաքվում ու քաղաքական տարբեր ուժերի «գաստրոլներ» են դիտում, որոնց ժամանակ, թերեւս, էմոցիայի եւ էքսպրեսիայի պակաս չի նկատվում: Հատկանշականն այն է, որ, այսպես կոչված, ընդդիմադիր ուժերը մեծ բեմեր են բարձրանում ոչ թե ժողովրդի խնդիրները համակարգված ձեւով ներկայացնելու ու դրանց մասին բարձրաձայնելու, այլ` իշխանություններին «նամյոկ անելու» համար:
Այս տարբերակը հայաստանյան ներքաղաքական դաշտում ամենաընդունված ձեւերից մեկն է, ու, թերեւս, ամենաէֆեկտիվը. դրա վառ ապացույցներից մեկն էլ «Օրինաց երկիր» կուսակցության նախագահի` տարիներ առաջ արած բոցաշունչ հայտարարություններն էին, որոնք հօդս ցնդեցին, երբ նա ընդգրկվեց իշխանության շարքերում:
Թե ինչու ՕԵԿ առաջնորդն այդպես դաժան վարվեց իրեն իսկապես հավատացող էլեկտորատի հետ, կարծում ենք, դժվար չէ կռահել… Անցան տարիներ եւ ՕԵԿ առաջնորդին «փոխարինելու եկավ» ԲՀԿ առաջնորդը, սակայն տեղի ունեցավ այն՝ ինչ տեղի ունեցավ, Գագիկ Ծառուկյանը եւս հաշվի նստեց իշխանությունների հետ, սակայն… ԲՀԿ-ում ներկայումս սարսափելի իրարանցում է: Ըստ տեղեկությունների` օլիգարխիայի ներկայացուցչից խլում են նրա` տարիների ընթացքում դիզած ունեցվածքը: Թե ինչով կավարտվի այս ամենը, դժվար է ասել. որոշ քաղաքագետներ, դիտարկելով ներքաղաքական վերջին զարգացումները, համեմատական են անցկացնում տարիներ առաջ ՕԵԿ առաջնորդի եւ ներկայումս ԲՀԿ առաջնորդի վարած տակտիկական քայլերի միջեւ` նշելով, թե ժամանակին էլ Բաղդասարյանն ու իշխանությունն իրար «հայհոյեցին», հետո ի՞նչ…
Ինչեւէ, հասկանալու համար, թե արդյո՞ք կարելի է համեմատել նախկինում ՕԵԿ-ի եւ ներկայումս ԲՀԿ-ի վարած քաղաքականությունը, Orer.am-ը զրուցեց ԱԺ ՕԵԿ խմբակցության պատգամավոր Հովհաննես Մարգարյանի հետ, ով իր խոսքում մասնավորապես նշեց. «Հայաստանի Հանրապետությունում, նաև` իշխանության մեջ, չկա մեկը, ով կարողանա Արթուր Բաղդասարյանին հայհոյել: ՕԵԿ-ն ու Արթուր Բաղդասարյանը միշտ ապացուցել են, որ մենք մեր նեղ անձնական շահերը միշտ ստորադասել ենք մեր պետության, ազգի, երկրի շահերից: Հայրենիքը, ազգը դրանք բարձրագույն շահեր են, որոնց համար մենք պայքարել ենք ու շարունակելու ենք պայքարել: Դրա օրինակն էլ այն է, որ Արթուր Բաղդասարյանը, լինելով ՀՀ Ազգային ժողովի նախագահ, պարզապես հրաժարվեց այդ պաշտոնից եւ տարիներ շարունակ ձեռնամուխ եղավ պայքարի: Մենք ինչերի միջով ասես, որ չենք անցել, ճանապարհը քարքարոտ է եղել, բայց մենք մեր որդեգրած սկզբունքն ունենք եւ դրանց մենք տեր ենք կանգնել: Ժամանակը կդատի եւ բոլոր հարցերի պատասխանները կտա: Պետք է նշեմ նաեւ, որ Արթուր Բաղդասարյանը, լինելով Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար, ինքնակամ հեռացավ այդ պաշտոնից»:
Հենց այստեղ է, որ լսելով պատգամավորի պետականասեր հայտարարությունը՝ ակամայից սիրտդ մի տեսակ արագ է սկսում բաբախել ու աչքերդ լցվում են, բայց արի ու տես, որ թաշկինակ տվող այլեւս չի մնացել…
Սոսե Չանդոյան