Մարտի 1-ին Ռուսաստանի Դաշնության մայրաքաղաք Մոսկվայի հարավարևմտյան մասում ազգությամբ հայ, Հայաստանի 54-ամյա մի քաղաքացի դանակի հարվածներ հասցնելու հետևանքով սպանել է իր ուղևորին՝ Ավստրալիայի մի քաղաքացու: Կասկածյալ տաքսիստին ձերբակալել հաջողվել է միայն հետապնդում իրականացնելուց հետո: Այս մասին հայտնում է Orer.am-ը` վկայակոչելով «ԲալտԻնֆոն»-ին:
Երևանի ժամանակով ժ. 11.25-ին Մոսկվայի պարեկային ծառայության ոստիկանները նկատել են, որ ճանապարհով ընթացող Hyundai Sonata մեքենայի սրահում ուղևորի ու վարորդի միջև կռիվ է ընթանում:
Մեքենան չի ենթարկվել ոստիկանների՝ կանգ առնելու հրամանին ու փորձել է թաքնվել իրավապահների աչքից:
Մի քանի րոպե անց ոստիկաններին հաջողվել է Նովոչերեմուշկինսկի փողոցում կանգնեցնել մեքենան, որում հայտնաբերվել է ուղևորը՝ 32-ամյա ավստրալացին, որին վարորդը դանակով հարվածներ էր հասցրել կրծքավանդակի ու ազդրի շրջանում:
Վիրավորը ստացած վնասվածքներից հիվանդանոց տեղափոխվելու ճանապարհին մահացել է:
Ձերբակալվել է տաքսիստը, որի մոտ եղել են զոհի դրամապանակը, անձնագիրն ու արյունոտ դանակը: Մահացածը համատեղ ռուս-ավստրալական խոշոր ընկերություններից մեկի մենեջերն էր:
Հարուցվել է քրեական գործ ՌԴ Քրեական օրենսգրքի «Սպանություն» հոդվածի հատկանիշներով: