Աշխարհում այսօր «կպչուն մտքի նևրոզը» նևրոզների ամենատարածված ձևերից մեկն է: Ցանկացած մարդ կարող է ունենալ այս խանգարումը՝ չեզրակացնելով անգամ դրա մասին: Կպչուն մտքերը կամ, ինչպես հոգեբուժության մեջ են անվանում, օբսեսիվ-կոմպուլսիվ (օբսեսիա՝ մտքերի և կոմպուլսիա՝ արարքների տեսքով) խանգարումը նման է գլխում «անդադար հնչող երաժշտության»: Այն նման է վատ սովորության, որից դժվար է կտրվել, և այն արգելելու յուրաքանչյուր փորձից հետո նրա ուժը եռապատկվում է: Մտքերի տեսքով ցանկացած կպչունություն կարող է ուղեկցվել ֆիզիկական սիմպտոմներով՝ հաճախասրտություն, անքնություն, հիշողության կորուստ և այլն: Կպչուն մտքերի օրինակներ են՝ «Իմ տանը պետք է լինի իդեալական մաքրություն», «Ես ունեմ անբուժելի հիվանդություն», «Ես մոռացել եմ փակել դուռը, անջատել հեռուստացույցը....»:
Կպչուն արարքները հիշեցնում են ռիտուալների, որը մենք կատարում ենք կպչուն մտքերից ազատվելու համար: Ավելին՝ մեզ թվում է, որ «մոգական գործողությունը» կօգնի ինչ-որ ժամանակ շեղել մեր ուշադրությունը և ազատվել կպչուն մտքից:
Հոգեբանության մեջ անգամ գոյություն ունի, այսպես կոչված, «սպիտակ կապկի էֆեկտը»: Մինչև այս հոդվածը կարդալը դուք անգամ չէիք էլ կարող մտածել սպիտակ կապկի մասին, իսկ հիմա փորձեք այն ձեր մտքից հանել:
Ցավոք, միանգամից ազատվել կպչուն մտքերից հնարավոր չէ: Եթե հոգեբանը կամ հոգեթերապևտը Ձեզ խոստանում է, որ 1-2 սեանսից Դուք կազատվեք դրանից, հավանաբար կհիասթափվեք: Ինչքան հաճախ ենք փորձում հեռացնել միտքը, այնքան ավելի ուժեղ է նա հետ վերադառնում: Առաջնահերթ պետք է սովորեք ուշադրությունը շեղել: Աշխատեք խորը շնչել և արտաշնչել՝ ուշադրությունը կենտրոնացնելով միայն շնչառության վրա: Օգտագործեք պարադոքսալ ինտենցիայի մեթոդը:
Հիշե՛ք, որ Դուք մենակ չեք: Փողոցում Ձեր կողքով օրական քայլում են մարդիկ, որոնք նույնպես ունեն տարատեսակ կպչուն մտքեր, վախեր և տագնապներ: Այս միտքը Ձեզ նույնպես վստահություն կտա:
Հոգեբան Նարեկ ՍտեփանյանOrer.am