Խարբերդում արդեն սկսել են ծառերն էտել` տեղ-տեղ պարարտացնելով հողը: Սակայն ոչ բոլոր գյուղացիներին է բախտն վիճակվում զբաղվել այդ հաճելի գործով: Օրինակ` 11-րդ փողոցի` արդեն 12 տարվա բնակիչ տիկին Զուբիկի ընտանիքը` տղան, հարսն ու նրանց երեխան և երկու դուստրերը, ծայրահեղ վիճակում են: Արդեն 5-6 տարի է, ինչ ոռոգման ջուր չունեն. այս ժամանակահատվածում ստիպված են եղել դույլերով ջուր կրել, այն էլ` կողքի թաղամասից:
Բանն այն է, որ ջրատար խողովակներն անհետացել են, չնայած` դեռևս անցյալ տարի էին գումար հավաքել, որպեսզի նորերը գնեին: Ճարահատյալ, չոր այգիներում գյուղացիները սենյակային ծաղիկներ են աճեցնում: Տիկի Զուբիկն իր այգում ընդամենը նոր տնկած երկու ծառ ունի: Դե, իհարկե, զարմանալի չէ, որ ինչպես մարդու, այնպես էլ, օրինակ, արդեն չորացած ծիրանենիների կյանքը կախված է ջրից: Այստեղ բացակայում է նաև ծորակի խմելու ջուրը. հիմա ի՞նչ անի գյուղացին, ի՞նչպես գոյատևի այս ծանր ժամանակներում: Գոնե լավ է, որ բակում աճեցրած մթերքով «յոլա» են գնում:
Այո՛, Խարբերդում կան նաև «յոլա» գնացողներ: Նրանց բախտ է վիճակվել բնակություն հաստատել կենտրոնական փողոցներում: Ինչպես մայրաքաղաքում, այնպես էլ այստեղ` ծայրամասերն անտեսված են…
Խարբերդում, կարելի է ասել, որ գյուղատնտեսությունը լուսացույցի կարմիր լույսի տակ է: Ջերմոցների աշխատանքն էլ է կանգ առել, չնայած` ի՞նչպես աշխատեն առանց բավարար ջրի: Գյուղացիների ծայրահեղ վիճակը հնարավորություն չի տալիս, որ երեխաները ստանան լիարժեք կրթություն. նրանք զրկվում են երջանիկ մանկությունից, որն իր հերթին ծանր ապագայի պատճառ կարող է դառնալ:
Orer.am-ը ներկայացնում է Խարբերդ գյուղի առօրյան և իրականությունը` լուսանկարներով:Հեղինակ` Անն Էքսուս