Arabian Business Magazine հրատարակությունը հրապարակել է աշխարհի հարյուր ամենաազդեցիկ արաբ կանանց ամենամյա վարկանիշը: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, ցանկում առաջին տեղն զբաղեցրել է Արաբական Միացյալ Էմիրությունների միջազգային համագործակցության և զարգացման նախարար շեյխ Լյուբնա Ալ Քասիմին:
Հանդեսը նշում է այն վիթխարի ազդեցությունը, որը նա գործում է ոչ միայն տարածաշրջանում, այլև ամբողջ աշխարհում տեղի ունեցող իրադարձությունների վրա: Բացի դրանից, վարկանիշը կազմողերը նշել են Ալ Քասիմիի դերը հանուն կանանց իրավունքների պայքարում: Օրինակ, գրում է հրատարակությունը, անցյալ ամսին նա երկրի կառավարությանը կոչ է արել դրամաշնորհներ տրամադրել Պակիստանում և Եմենում աղջիկների ուսուցման համար:
The Independent-ը նշում է, որ Ալ Քասիմին գլխավորել է նաև նախորդ համանման չորս վարկանիշները:
Ցանկում երկրորդ տեղն զբաղեցրել է Ամալ Քլունին՝ հոլիվուդյան դերասան Ջորջ Քլունիի կինը, որն այս ցուցակ է մտել առաջին անգամ: Ցանկը կազմողները նշել են նրա հաջողությունները որպես Ջուլիան Ասանժի և Յուլյա Տիմոշենկոյի փաստաբան, ինչպես նաև Եվրոպայի մարդու իրավունքների դատարանում նրա մասնակցությունը հայոց ցեղասպանության գործի քննությանը:
Երրորդ տեղը բաժին է ընկել Լոուջան Խաթլուլին, որին Սաուդյան Արաբիայի իշխանությունները 2014 թվականի դեկտեմբերին կալանավորել են ավտոմոբիլ վարելու համար (երկրում կանանց արգելված է նստել ավտոմոբիլի ղեկի առջև): Խաթլուլը բանտում անցկացրել է շուրջ երկու ամիս և ազատ է արձակվել այս տարվա փետրվարին: Վարկանիշը կազմողները նշել են, որ նրա արարքը կատալիզատոր է դարձել ավտոմոբիլ վարելու կանանց իրավունքի շուրջը հասարակական բանավեճի համար:
Թե որն է ցանկը կազմելու մեթոդաբանությունը, չի ճշտվում: Լիակատար ցանկը մատչելի է հրատարակության կայքում: