Թեև Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը շարունակում է հանրությունից համառորեն թաքցնել և հերքել մարտի 6-ի գիշերը ԼՂՀ զինված ուժերի հակադիվերսիոն գործողությունների ժամանակ առնվազն 7 ադրբեջանցի զինծառայողների կորուստը, այդունադերձ, ադրբեջանական մամուլում, սկսել են տեղեկություններ տարածվել ադրբեջանական բանակի կրած կորուստների մասին:
Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, ադրբեջանական Meydan TV հեռուստաալիքի կայքը հայտնել է, որ Մռավում տեղակայված զորամասերից մեկում Սումգայիթից զինծառայության կանչված զինծառայող Անար Գյունաշ օղլու Բայրամովը սպանվել է' գնդակահարվելով զինվոր ընկերոջ կողմից: Այս մասին կայքին հայտնել են սպանված զինծառայողի հարազատները: Նրանք նշել են, որ Ա,Բայրամովը բարձրագույն կրթություն ուներ և պետք է բանակից զորացրվել առաջիկա հունիսին:
Կայքը նաև հայտնել է, որ իրենց չի հաջողվել փաստի առնչությամբ որևէ տեղեկություն ստանալ Ադրբեջանի ՊՆ-ից:
«Արմենպրես»-ի սեփական աղբյուրներից այսօր հայտնի է դարձել անցած շաբաթվա ընթացքում ոչնչացված առնվազն երեք ադրբեջանցի զինծառայողների անուններ' Զամին Ամինով, Ալեքպեր Աբասով և լեյտենանտ Շալալ Հասանով:
ԼՂՀ պաշտպանության նախարարության լրատվական ծառայությունը հայտնել է, որ մարտի 1-ից մինչև 7-ն ընկած ժամանակահատվածում հակառակորդի կողմից 60 և 82 մմ ականանետերից, ՀԱՆ-17, ՌՊԳ-7 նռանականետերից, ԶԿ-23-2 զինատեսակներից հայ դիրքապահների վրա կատարված հարձակումները վնասազերծելու նպատակով ՊԲ առաջապահ ուժերը դիմել են համապատասխան գործողության' շարքից հանելով հակառակորդի առնվազն 3 զինվոր և ԶԿ-23-2 զինատեսակը:
Նույն ժամանակամիջոցում ԼՂՀ զինված ուժերի մարտակերտյան ուղղության ստորաբաժանումները կանխարգելիչ գործողություններ են իրականացրել հակամարտ զորքերի շփման գծի հյուսիսարևելյան հատվածում, որի արդյունքում ոչնչացվել է գործողության շրջան դուրս եկած ադրբեջանական հատուկ նշանակության ստորաբաժանման չորս զինծառայող:
Վերոնշյալ գործողությունների ժամանակ հայկական կողմը կորոսւտներ չի ունեցել: ՊԲ առաջապահ զորամասերը շփման գծի ողջ երկարությամբ վստահորեն իրականացնում են առաջադրված մարտական խնդիրը' անհրաժեշտության դեպքում դիմելով կանխարգելիչ գործողությունների
Ադրբեջանը մշտապես հերքում է առաջնագծում իրագործած դիվերսիոն գործողություններից հետո ունեցած իր կորուստները: Որպես կանոն, այդ կորուստները ադրբեջանական կողմը միջադեպերին հաջորդող օրերին ներկայացնում է որպես ոչ կանոնադրական հարաբերությունների, անվտանգության կանոնների խախտման, ինքնասպանության, անզգուշության, հիվանդության կամ ճանապարհատրանսպորտային պատահարի արդյունք:
Թեև Ադրբեջանը շարունակում է սեփական զինուժում գրանցված մահվան դեպքերի ու արտակարգ պատահարների մասին տեղեկությունները թաքցնելու քաղաքականությունը, այդուհանդերձ, ՀՀ ՊՆ և ԼՂՀ ՊԲ կողմից սեփական միջոցներով ձեռք բերված տեղեկությունների համաձայն' տարվա սկզբից մինչ այժմ ադրբեջանական բանակի կորուստը կազմել է առնվազն 43 զինծառայող և 28-ից ավելի վիրավոր: