«Հրապարակ». «Վայոց Ձորի մարզպետը հրաժեշտ է տալու պաշտոնին»
Վերջին տարիների ամենասուր բախումներից մեկը Վայոց Ձորի մարզպետ Էդգար Ղազարյանի և Գագիկ Ծառուկյանի միջև էր: Գրում է «Հրապարակ»-ը:
ՀՀԿ-ի քարոզարշավի ժամանակ մարզպետն ասել էր. «Եթե ձայն տվեցիք ԲՀԿ-ին՝ ձեզ մի հատ զիբիլի ավտո է տալու», ինչին ի պատասխան, ԲՀԿ առաջնորդը հայտարարել էր. «Այս 4 ամիսների ընթացքում արդեն ժողովուրդն իր գնահատականը տվել է, որին ասում են՝ «ծիրանի ցոգոլ»: Թե երբ պիտի հասնի՝ ես չգիտեմ»:
Հովիկ Աբրահամյանի վարչապետ նշանակվելու օրվանից լուրեր էին շրջում, որ Ղազարյանը հրաժեշտ է տալու պաշտոնին: Եվ ահա, մի քանի օր առաջ նա Վայոց Ձորի մարզպետին հանձնարարել է «դիմում գրել»: Երբ վերջինս զարմանք է հայտնել, նրան պարզապես հիշեցրել են 2012-ի փոխհրաձգությունը խնամի Ծառուկյանի հետ: Մարզպետը, ենթադրելով, որ վարչապետն անձնական նախաձեռնություն է դրսևորել, դիմել է Սերժ Սարգսյանին: Վերջինս լսել է նրան և ասել՝ դիմումը գրիր, մի բան կմտածեմ քեզ համար:
Թերթի տեղեկություններով, առաջիկա հինգշաբթի օրը կառավարության նիստում հաստատվելու է մարզպետի հրաժարականը: Երեկ նա արդեն աշխատանքի չէր գնացել: Սակայն արտաքին գործերի նախարարությունում այժմ զբաղված են Էդգար Ղազարյանի համար մի «հարմար» եվրոպական երկիր փնտրելով, որ դեսպան ուղարկեն: Մենք տեղեկացանք, որ ԱԳՆ-ում սա դժգոհության տեղիք է տվել՝ նորից քաղաքական անձ են նշանակում, իսկ պրոֆեսիոնալ դիվանագետներն ամբողջ կյանքում սպասում են նշանակման:
Շարունակությունը՝ թերթի այսօրվա համարում: