Ադրբեջանցի դիվերսանտ Դիլհամ Ասկերովը դժգոհ է ԼՂՀ վերաքննիչ դատարանի կայացրած դատավճռից: Աս մասին «Արցախպրես»-ի թղթակցի հետ զրույցում հայտնել է նրա դատապաշտպան Էրիկ Բեգլարյանը: «Խնդրել է, որպեսզի ես տեսակցեմ իրեն՝ որոշելու՝ վճռաբեկության կարգով դիմել գերագույն դատարան, թե ոչ»,- մանրամասնել է Էրիկ Բեգլարյանը՝ նշելով, որ իր պաշտպանյալի առողջական վիճակը նորմալ է: Բուժզննության արդյունքում նրան համապատասխան բուժում է նշանակվել:
Շահբազ Գուլիևի դատապաշտպան Արկադի Իսրայելյանը նշել է, որ մեղմ որոշում էր ակնկալում վերաքննիչ դատարանից: «Այնուամենայնիվ, դատարանը կայացրեց իր որոշումը: Իմ պաշտպանյալը դժգոհ է որոշումից: Մոտակա օրերին նրա հետ հանդիպումից հետո կորոշվեն հետագա քայլերը»,- ասել է Արկադի Իսրայելյանը:
Սպանված Սմբատ Ցականյանի իրավահաջորդ Մեխակ Ցականյանը գոհ է վերաքննիչ դատարանի կայացրած որոշումից։ «Ցանկությունս այն է, որ դիվերսանտներն իրենց արժանի պատիժը մեր երկրում կրեն»,- ասել է Մեխակ Ցականյանը: Հարցին, թե իր կողմից փոխհատուցման մասով ներկայացված քաղաքացիական հայցը ո՞ր փուլում է գտնվում, Մեխակ Ցականյանը հայտնել է, որ այդ առումով առայժմ նորություն չկա: