Գրեթե 10 ժամ հայ ցանցաբնակներն անջատված էին համաշխարհային ցանցից. ինտերնետ-խուճապ էր: Բագրատաշենի սահմանակետով դեպի Վրաստան գնացող «Յուքոմ» ընկերության հիմնական մալուխներից երկուսը Վրաստանի տարածքում մի քանի տեղից վնասվել էին, խափանվել էր Հայաստան մատակարարվող տարանցիկ ինտերնետային կապը։
Ինչպես կարող էր մալուխը մի քանի տեղից վնասվել, հարց է նաև ընկերության համար: Ինտերնետ մատակարարն արդեն դիմել է վրացական կողմին վնասման պատճառներն իմանալու խնդրանքով, նորություն չկա: Նման պատմություն եղել էր նաև 2011-ին, վրացական մամուլը հայ օգտատերերի կիբեր-խավարման պատճառը համարեց 75-ամյա թոշակառուին, որը ջարդոն գտնելու համար աղբը փորփրելիս վնասել էր ինտերնետի մալուխը:
Հայ և վրացի մասնագետները վթարից հետո արագ սկսել են վերականգնումը: Կապն արդեն լիովին վերականգնվել է: Վթարի ժամանակ որոշ օգտատերեր ապահովվել էին պահուստային գծերով: Համաշխարհային մամուլը խոսում է ինտերնետը մարդու բնական իրավունք ճանաչելու հարցի մասին: Ինտերնետ ունենալը կդառնա մարդու իրավուք, դրանից զրկելը` օրենքի խախտում:
«Յուքոմ» ընկերությունը սեպտեմբերին կունենա Վրաստան գնացող նոր ուղղություն, որպեսզի նման վթարների մասին բաժանորդները նույնիսկ չիմանան ու չզրկվեն ինտերնետ ունենալու իրավունքից: