Երբ համակարգչի առջեւ «նստում» է մոլախոտը
BlogԶանգվածային հաղորդակցման միջոցները ժամանակակից հասարակական կյանքի անբաժան մասն են դարձել: Որոշակիորեն սոցիալական վերահսկողություն և կառավարում իրականացնելով, հասարակական կարծիքի ձևավորման վրա ներգործելով, գիտելիքներ, փորձ ու մշակութային արժեքներ տարածելով, տեղի ունեցող իրադարձությունների մասին ազգաբնակչության ամենալայն խավերին տեղեկացնելով` զանգվածային հաղորդակցման միջոցները, որոնց թվում և համացանցը, կատարում են հասարակական հարաբերությունների աջակցման ու ամրապնդման կարևորագույն գործառույթներ: Վերջին շրջանում համացանցում իրենց ակտիվությունն են ցուցաբերում մի շարք օգտատերեր, ովքեր ամեն գնով ցանկանում են իրենց կայքում հրապարակված հոդվածի համար հավաքել դիտումներ, սակայն դիտումները հավաքում են ոչ թե՝ պատշաճ ձեւով, որը սահմանված է, այլ՝ անտրամաբանելի, մարդկային երեւակայությունից զուրկ միջոցներով: Օրինակ, եթե ուզում եք որ ձեր հոդվածը հավաքի մոտավորապես 15 հազար դիտում, ձեզ պետք է, որ այն ակտիվ տարածեք սոց-ցանցերի էջերի, խմբերի միջոցով, այլ ոչ թե՝ ուրիշ մարդկանց ներվերի, հոգեբանության հաշվին: Երեկ համացանցում տարածվեց մի «նյութ», որում գրված էր. ՄԱՀԱՑԵԼ Է ՀԱՅՏՆԻ ԴԵՐԱՍԱՆ՝ Կ.Մ. (ՏԵՍԱՆՅՈՒԹ), ընթերցողների ուշադրությունը գրավելու համար շատ լավ խայծ էր, սակայն օգտատերը անցնելով նշված հղումով ոչ միայն չէր կարող ընթերցել տվյալ հոդվածը, (քանի որ այն գոյություն չուներ), այլ նաեւ` ընարավոր չէր պարզել հոդվածագրի անունը, սակայն, համացանցում «նյութը» տարածվում էր կեղծ օգտատերերի էջերի միջոցով: Ստացվում է այնպես, որ ով ունի կայք էջ կարող է մահացած համարել առողջ մարդու եւ այդ միջոցով ավելացնել իր կայքի դիտողականության քանակները: Ոչ ոք պաշտպանված չէ, եւ չի կարող ասել, թե արդյո՞ք այսօր իրեն մահացած կհամարեն, թե՝ ուղղակի կատակի միջոցով հոդվածի համար դիտողականություն կապահովեն: Սակայն եկեք չմոռանանք, որ ամեն ինչ, մի օր դուրս է գալիս ջրի երես եւ երեկվա դեպք նույնպես ստանալու է իր տրամաբանական ավարտը: