Նախագահի պատասխանը թուրք լրագրողին դիպուկ էր, իսկ զենքի վաճառքի մասին՝ ուշացած
PoliticsԵրևանում անցկացվող «Արարատի ստորոտին» 5-րդ մեդիա համաժողովին ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի արտահայտած մտքերից ուշագրավ էին հատկապես երկուսը: Առաջինը նախագահի պատասխանն էր թուրքական «Today’s Zaman» լրատվական կայքի քաղաքական մեկնաբան Սերվեթ Յանաթմայի հարցին Սարգսյանի՝ հայ-թուրքական արձանագրությունները հետ կանչելու և ավելի վաղ Էրդողանի կողմից հնչած՝ հայերին վիրավորող արտահայտությունների մասին:
Կարծում եմ, որ նախագահի պատասխանը թուրք լրագրողին առավել քան դիպուկ էր, տեղին, նաև դիվանագիտական: Շատ տակտիկական ձևով ներկայացնելով Էրդողանի նենգ ու ստոր քաղաքականությունը` ադրբեջանական գործոնից կախված լինելը, և լիովին հիմնավորելով արձանագրությունները հետ կանչելու իր որոշումը՝ Սարգսյանը նաև հասկացրեց, որ բոլոր կամուրջները դեռ այրված չեն և ընդառաջ քայլ կատարելու հերթը Թուրքիայինն է: Այստեղ, կարելի է ասել, նախագահը դրսևորեց իր շախմատային ունակությունները:
Նույնը չէի ասի մոսկովյան լրագրողի՝ Ռուսաստանի՝ Ադրբեջանին զենք վաճառելու մասին հարցին Սերժ Սարգսյանի հնչեցրած պատասխանի մասին: Իհարկե, լավ է, որ, ի վերջո, նախագահն էլ արտահայտվեց, որ այդ զենքի վաճառքը հայ-ռուսական հարաբերությունների վրա կարող է վատ ազդեցություն ունենալ, բայց լավ չէ, որ նա այդ մասին միայն հիմա է ասում: Այսինքն, նախագահի այս հայտարարությունը կարելի է համարել առնվազն ուշացած: Այս մասին Սերժ Սարգսյանը պետք է հայտարարեր դեռ ամենասկզբից, երբ նոր հայտնի դարձավ Ռուսաստանի՝ Ադրբեջանին զենք վաճառելու խայտառակ գործարքի մասին:
Հասկանում ենք, համագործակցությունը՝ համագործակցություն, բայց այդ համագործակցության մեջ էլ անթույլատրելի է թուլացնել սեփական դիրքերը, իսկ Սերժ Սարգսյանը այդ սխալը թույլ տվեց: Մանավանդ, եթե Ռուսաստանին անվանում են նույնիսկ «ռազմավարական դաշնակից», ապա դաշնակիցը պարզապես չի կարող զենք վաճառել քո թշնամի պետությանը, դա դուրս է տրամաբանությունից և չի կարող ունենալ արդարացում: Բայց առավել սխալ է այդ մասին լռելը: Եվ լավ է, որ գոնե ուշացումով, սակայն այդ լռությունն էլ խախտվեց:
Կարեն Վարդանյան
Orer.am, վերլուծաբան