Հյու Ջեքմանը հետաձգել է Թուրքիայում կայանալիք շոուն
LifestyleՀյու Ջեքմանի մոտ եղել է կոկորդի արյունահոսություն, ինչի պատճառով նա հետաձգել է իր ելույթը Թուրքիայում, ուր նա մեկնել էր մոնոներկայացումով հանդես գալու համար: Այս մասին դերասանն ինքն է գրում իր թվիթերյան էջում:
« Ձայնալարերիս ձախակողմյան հատվածում տեղի է ունեցել արյունահոսություն: Բժիշկների խորհրդով ես հետաձգում եմ Թուրքիայում կայանալիք միջոցառումը: Բայց մի տխրեք: Ես դեռ կվերադառնամ»,- գրում է նա:
Ավելի ուշ Ջեքմանն ավելացնում է, որ նրան շատ է տխրեցրել թուրք երկրպագուների հետ հանդիպումը հետաձգելու անհրաժեշտությունը: Դերասանը չի ասում, թե արդյո՞ք այս խնդիրը կապված է իր մոտ նախկինում ախտորոշված հիվանդության՝ մաշկային քաղցկեղի հետ:
Հիշեցնենք, որ 2013թ. նոյեմբերին բժիշկները դերասանի մոտ հայտնաբերել էին բազալբջջային կարցինոմա: Նա անցավ ինտենսիվ բուժման կուրս, բայց 2014-ի մայիսին վիրաբույժները ստիպված էին միջամտել: Հոկտեմբերին դերասանը նորից դիմեց վիրաբույժներին:
Նկատենք, որ լուրջ հիվանդությունը չի խանգարում դերասանին ակտիվ նկարահանվել տարբեր ֆիլմերում և շրջել ամբողջ աշխարհում ու ներկայացնել սեփական շոուն: Նրա մասնակցությամբ վերջին ֆիլմը՝ «Չապպի անունով ռոբոտը», արդեն ունի երկրպագուների հսկա բանակ:
Իսկ 2015-ի ընթացքում հանդիսատեսը հնարավորություն կունենա տեսնելու նրա նոր ֆիլմը «Պեն» անունով, որը նկարահանվել է հայտնի «Փիթեր Պեն» ստեղծագործության մոտիվներով:
X