Ի՞նչ թափով եւ ո՞ր երկրներից կլինեն հակերային հարձակումներ ապրիլի 24-ին
SocietyԳաղտնիք չէ, որ ադրբեջանական կողմը ժամանակ առ ժամանակ դիմում է ոչ միայն դիվերսիոն, այլ նաեւ հակերային հարձակումների, նորություն չէ նաեւ այն, թե ինչ նպատակներով եւ հատկապես ո՞ր օրերին են իրականացվում նման հարձակումները: Ըստ տեղեկատվական անվտանգության մասնագետների` ադրբեջանցի հակերները լծվում են աշխատանքի հատկապես հայերիս համար նշանավոր եւ կարեւոր օրերին:
Թե որքանո՞վ պաշտպանված կլինեն ապրիլի 24-ին հայկական կայքերը եւ հատկապես ո՞ր երկրներից է ակնկալվում հակերային հարձակումներ, Orer.am-ը ճշտեց բլոգեր Տիգրան Քոչարյանից, ով նշեց. «Հակերային հարձակումներ, իհարկե, սպասելի են ապրիլի 24-ին ադրբեջանցիների կողմից: Այս տարի նրանց հավանաբար կմիանան նաեւ թուրքերը: Այս երկու պետությունների ներկայացուցիչներն ամեն քայլի գնալու են, որպեսզի Հայաստանից դուրս եկող տեղեկատվությունը հասանելի չլինի ոչ միայն միջազգային հասարակությանը, այլեւ հենց Թուրքիայի ներսում: Պետք է նկատենք, որ հենց Թուրքիայում որոշակի կայքեր արդեն իսկ արգելափակված են, եւ թուրք օգտատերերը չեն կարողանում տեղեկատվություն ստանալ Հայաստանից»:
Ինչպես նշեց Տ. Քոչարյանը, չնայած` հակերային հարձակումները սպասելի են, սակայն հայաստանյան կայքերը պատրաստ են պատվով դուրս գալ տեղեկատվական անվտանգության ոլորտում սպասվող հերթական գրոհներից. «Ինչ վերաբերում է հայաստանյան այն կայքերին, որոնք հիմնականում պատասխանատու են հակաթուրքական եւ ճշմարիտ լուսաբանումն իրականացնելու համար, ապա նրանք բավական պաշտպանված են, թե՛ հատկապես ապրիլի 24-ի հետ կապված, եւ թե՛ տարվա կտրվածքով: Հարձակումները սպասելի են, բայց մենք պատրաստ ենք դրանց դիմակայել: Նորից կնշեմ, որ եթե սովորաբար ադրբեջանցիներն են նման քայլերի գնում, ապա այս անգամ մեծ հավանականություն կա, որ Թուրքիան իր ռեսուրսներով կմիանա, ինչ արդյունքում էլ հարձակումն առավել ուժեղ է սպասվում»:
Տիգրան Քոչարյանը նաեւ հավելեց` հակերային հարձակումները խիստ նկատելի կլինեն հատկապես ապրիլի 22-25-ն ընկած ժամանակահատվածում. «Ադրբեջանական հակահայկական պայքարի որոշակի օրեր կան, որոնց ժամանակ երկու կողմերն էլ ակտիվանում են. Ադրբեջանը հիմնականում ակտիվ հարձակումների է անցնում Հայոց ցեղասպանության, Մայիսի 9-ին եւ հայերիս համար այլ կարեւոր ու նշանավոր օրերին: Կարծում եմ, որ մոտ օրերին հիմնական գրոհը կլինի ապրիլի 22-25-ն ընկած ժամանակահատվածում, սակայն վստահ եմ` որեւէ լուրջ վնասներ մեր կայքերը չեն կրի»:
Սոսե Չանդոյան