Այդ հայտարարությամբ Ալիեւը փաստել է, որ կորուստները շատ են եղել. Սերգեյ Շաքարյանց
PoliticsԱդրբեջանական կողմից իրականացված դիվերսիոն հարձակման մասին կա տեսակետ, ըստ որի` Ալիեւը դիմել է կտրուկ գործողությունների ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի այն հայտարարությունից հետո, երբ նախագահը մեղադրել է Ռուսաստանին` Ադրբեջանին զենք վաճառելու մեջ:
Թե արդյո՞ք վերջին դիվերսիոն հարձակումը կարելի է կապել նախագահի հայտարարության հետ, Orer.am-ը ճշտեց քաղաքագետ Սերգեյ Շաքարյանցից, ով իր խոսքում մասնավորապես նշեց. «Դիվերսիոն հարձակումը պետք չէ կապել նախագահի հայտարարության հետ: Այս ամենը պետք է ավելի շատ կապել հակահայկական այն հայտարարությունների հետ, որոնք արվել են ուկրաինացի ազգայնական Տարասյուկի կողմից: Ես սա կապում եմ նաեւ այն հանգամանքի հետ, որ արդեն որերորդ շաբաթն է, ինչ ամերիկացիները պահանջում են, որ Ստեփանակերտում դատված դիվերսանտներին հանձնենք Ադրբեջանին, սակայն չեմ հասկանում, թե ինչի համար: Որտե՞ղ է եղել մարդասիրության դրսեւորում, երբ ադրբեջանցիները սպանում էին երիտասարդ հայ տրակտորիստի՞ն, թե՞ մնացած դեպքերում»:
Զրույցի ժամանակ քաղաքագետը նաեւ նկատեց. «Այսօր ես ԶԼՄ-ներից տեղեկացա, որ իբր բրիտանացի պատգամավորը, ում անունից երեւում է, որ նա ազգությամբ թուրք է կամ մուսուլման, մասնակցում է Եվրամիություն-Հայաստան երկխոսությանը, որը տեղի է ունենում հանձնաժողովի շրջանակներում` քողարկված ձեւով. այստեղ նա առաջարկում է հանձնել մեր տարածքները»:
Հակահայկական քարոզչության եւ ալիեւյան հայտարարության վերաբերյալ Ս. Շաքարյանցը նշեց. « Ալիեւն հայտարարել է, որ մինչեւ ապրիլի 24-ն ամեն ինչ պետք է արվի` խոցելու համար հայկական կողմին եւ նրա դիրքորոշումները: Այս հայտարարությամբ Ալիեւը փաստել է, որ կորուստները շատ են եղել, բայց այս հայտարարությունից ոչ մի հետեւություն էլ պետք չէ անել, քանի որ նրանք հազար անգամ են հանդես եկել նման սպառնալիքներով: Կարծում եմ` ով նախաձեռնել է նման հարձակում, թող նա էլ մտածի, թե իրենց սպանված զինվորների մայրերի առջեւ ինչ պատասխան պետք է տա, կկրկնեմ, որ դա Հայաստանի կամ Արցախի խնդիրը չէ: Հայաստանի եւ Արցախի իշխանությունները շուտափույթ կերպով պետք է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների առջեւ դնեն այս հարցերը, որպեսզի նրանք ինչ-որ կերպ վերահսկողության տակ վերցնեն ստեղծված իրավիճակը»:
Սոսե Չանդոյան