Ադրբեջանը չմասնակցեց «Եվրանեսթին»` բարձրացնելով իր ձայնը դիվերսիոն հարձակման ձեւով. Կ. Աճեմյանը
PoliticsԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Կարինե Աճեմյանը, Orer.am-ի հետ զրույցում խոսելով ադրբեջանական վերջին դիվերսիոն հարձակման մասին, նշեց.
«Ադրբեջանական ցինիզմը հասել է իր գագաթնակետին: Մենք բոլորս էլ նկատում ենք, որ վերջին ժամանակահատվածում նման դեպքեր շատ են գրանցվել, այսինքն` մեր սահմանը սարսափելի անհանգիստ է դարձել եւ այդ անհանգստությունը դրսեւորվեց «Եվրանեստի» լիագումար նիստերի օրերին, երբ այդ օրերին եվրոպական պառլամենտը ներկայացնող ե'ւ պատգամավորներ, ե'ւ բարձր պաշտոնյաներ կային: Սա նշանակում է մեկ բան, որ Ադրբեջանը ո'չ իր միջազգային վարկանիշի մասին է մտածում, ո'չ մտահոգվում է այն հարցով, թե հետագայում տարբեր պետությունների երկրների հետ հարաբերություններն ինչպես պետք է կարգավորի: Ինչ խոսք, սարսափելի փաստ գրանցվեց, քանի որ անգամ մեկ զինվորի կորուստը շատ մեծ վիշտ է մեզ համար: Գտնում եմ, որ դիվերսիոն այդ քայլերն անպայման պետք է դատապարտվեն: Ես կցանկանայի, որ ադրբջանցիների քայլերն առաջին հերթին քննադատեր եվրոպական կողմը: Եթե միջազգային հանրությունն այս հարցում հայերին չսատարի եւ օբյեկտիվ վերաբերմունք չցուցաբերի, ապա ընդհանուր առմամբ մենք սարսափելի իրավիճակի մեջ կհայտնվենք»:
Իսկ Ալիեւի հերթական բարբաջանքի հետ կապված Կ. Աճեմյանը նշեց. «Ինչ վերաբերում է Ալիեւի հայտարարությանը` կասեմ, որ այն քաղաքական գործչին ոչ վայել պահվածք էր, որովհետեւ բոլորն էլ համոզված են, որ այդ դիվերսիոն գործողությունը նախաձեռնվել է Ադրբեջանի կողմից: Նշենք, որ հայկական կողմը նման նախաձեռնություններով երբեք հանդես չի եկել, սակայն անպայման շեշտել է, որ եթե մեզ վրա նման հարձակում իրականացվի, ապա մենք բավական ադեկվատ կերպով պատասխանելու ենք այդ քայլերին: Այս դեպքում, իհարկե, պատասխան տրվեց հակառակորդին, սակայն նորից ցավով կնշեմ, որ այդ ամենի արդյունքում մենք ունեցանք զոհեր: Ես ցավակցում եմ հայրենիքի համար հերոսաբար զոհված տղաների ընտանիքների անդամներին: Եթե մենք ցանկանում ենք, որ նման դեպքերը չկրկնվեն, ապա պետք է քննադատենք, եւ այդ քննադատությունը պետք է անի ոչ միայն հայկական կողմը, այլ նաեւ միջազգային հանրությունը»:
Պատգամավորը, չցանկանալով դիվերսիոն վերջին գործողությունները կապել որեւէ հայտարարության կամ իրադարձության հետ, նկատեց. «Քանի որ վերջին շրջանում դիվերսիոն գործողություններն ակտիվացել են, ես չէի ցանկանա այն կապել որեւէ իրադարձության հետ: Նկատեմ, որ ինչպես Մինսկի, այնպես էլ «Եվրանեսթի» ձեւաչափերը ոչ միայն չեն ընդունում, այլև պարզապես չեն ցանկանում աշխատել հայկական կողմի հետ: Պետք է նշեմ, որ այդ ժխտողական վերաբերմունքը շատ վատ անդրադարձ կարող է ունենալ հենց իրենց համար, քանի որ շատ եվրոպական պետություններ ընդունում եւ գնահատում են մասնակցությունը Եվրանեստի ձեւաչափին: Փաստորեն, Ադրբեջանը չմասնակցեց «Եվրանեսթին»` իր ձայնը բարձրացնելով դիվերսիոն հարձակման ձեւով, ես այդ ամենը ցինիզմ եմ համարում»:
Սոսե Չանդոյան