Հայկո-Մկո դուետի ոդիսականը կամ ինչու՞ է ստում Մկրտիչ Արզումանյանը
Lifestyle՛՛Ազատություն՛՛ ռադիոկայանի ֆեյսբուքյան ասուլիսի ընթացքում պրոդյուսեր և դերասան Հայկ Մարությանը՝ Կարգին Հայկոն, պատասխանելով իր և Մկրտիչ Արզումանյանի հետագա համագործակցության հնարավորության մասին հարցին՝ նշել էր, որ ինքն անձամբ բաց է և պատրաստ համագործակցել՝ հորդորելով հարցն ուղղել Մկոյին:
Life.panorama.am-ը կապ է հաստատել Մկրտիչ Արզումանյանի` Մկոյի հետ, ով մեկնաբանելով իր և Հայկոյի վերամիավորման մասին լուրն՝ ասել է, որ չնայած հանդիսատեսը իրենց կարոտել է՝ բացառում է իր և Հայկոյի հետագա համագործակցությունը, որովհետև դա իր համար տեղում դոփել և հետընթաց կնշանակեր:
Ի դեպ, շատ տարօրինակ հայտարարություն է. եթե Մկրտիչի համար հանդիսատեսի սերը տեղում դոփել և հետընթաց է նշանակում, ցածր վարկանիշ ունեցող ՛՛Տնփեսա՛՛-ն՝ առաջընթաց, ապա թերևս այստեղ կարելի է պարզապես լուռ ժպտալ ու հեռանալ...
Ի տարբերություն Հայկ Մարությանի հավաստիացմանը, որ իր և Մկոյի մեջ շփում կա, Մկոն հերքել է այն. «Անկեղծ կլինեմ և կասեմ, որ մենք մոտ երկու տարի գրեթե չենք շփվել, ես այս ընթացքում Հայկին չեմ տեսել»:
Մկոյի այս ֆրազը մի շարք լրատվամիջոցների առիթ տվեց անառողջ քննարկումների, թե ինչու երկու տարի նախկին գործընկերոջ հետ շփում չունեցած Հայկոն հնչեցված հարցին ճիշտ պատասխան չտվեց: Թերևս կարելի էր հարցը փակել՝ դա համարելով Հայկ Մարությանի կողմից կոռեկտության դրսևորում, սակայն համացանցում ուռճացված երեկվա աղմուկը ինձ ստիպեց ստուգել Մկոյի խոսքերի ճշմարտացիությունը:
Եվ այսպես, երկու տարի նրա հետ չշփվող Մկոն շուրջ մեկ ու կես տարի առաջ գրկախառնված լուսանկարվում է տրանսպորտի թանկացման դեմ ուղղված ակցիաներ անող Հայկի հետ:
Իսկ նախքան այդ իր և Հայկ Մարությանի ընկերության և շփման ընդհատման մասին esem.am-ի հարցին Մկոն պատասխանում է. «Գիտեք` արդեն ինչքան մարդ է այդ մասին ինձ հարցրել. չկա նման բան, ես և Հայկը առաջվա պես մտերիմ ենք, մեր հարաբերությունների մեջ ոչինչ չի փոխվել: Ուղղակի այժմ մեր համատեղ աշխատանքը տևական դադարի մեջ է, և ամեն մեկս անհատապես ենք հանդես գալիս, իսկ առաջիկայում շատ ծրագրեր ունեք, որ դեռ միասին իրականացնելու ենք»:
Ինչպես տեսնում եք՝ ամենևին չշփվող մարդու հայտարարություններ չեն: Ավելին, նրանք վերջին երկու տարիներին ոչ միայն շփվել են, այլև աշխատել են միմյանց հետ: Շուրջ մեկուկես տարի առաջ, երբ արդեն չկար ՛՛Կարգին սերիալը՛՛ և խոսվում էր դուետի փլուզման և հարաբերությունների դադարեցման մասին, Հայկոյի՝ բարեգործական հիմունքներով նկարահանած սոցիալական հոլովակում նրանք նկարահանվել են միասին: Սցենա՞րն են միջնորդներով փոխանակել, թե դեմքի միմիկաները սկայպով են փոխանցել՝ մնում է ենթադրել:
Եվ այսպես, ՛՛անկեղծ՛՛ և ՛՛ճշմարտախոս՛՛ Մկոն ինչու՞ էր մինչ այդ պնդում, թե իրենց հարաբերություններում ամեն ինչ նորմալ է և շարունակում են մնալ ընկերներ: Փաստորեն Մկոն կամ ստում էր նախկինում, կամ ստում է հիմա:
Իսկ փաստերը, ինչպես տեսնում եք, չեն լռում:
Անդրանիկ Բարսեղյան