Թուրքիայի կողմից իրականացվող բոլոր քայլերն ուղղված են Հայոց ցեղասպանությունը ժխտելուն. հրեական համայնքի ղեկավար
PoliticsՎերջին շրջանում Թուրքիայի կողմից հնչեցվող հայտարարություններն արդեն իսկ անցել են բոլոր թույլատրելի սահմանները: Ամենաբարձր մակարդակով հակահայկական կոչերը ձանձրացրել են ոչ միայն մեզ` հայերիս, այլեւ քաղաքակիրթ մի շարք երկրների եւ Հայաստանում տարբեր համայնքների ղեկավարներներին:
Orer.am-ի հետ զրույցում հրեական համայնքի ղեկավար Ռիմա Վարժապետյանը նշեց . «Առանց իմ մեկնաբանության էլ երեւում է, եւ բոլորն էլ դրա մասին քաջատեղյակ են, որ Թուրքիայի քաղաքականությունը պրովոկացիոն է: Ես պարզապես զարմանում եմ այն բանի վրա, որ իբր Թուրքիան աշխարհի մասշտաբով համարվում է քաղաքակիրթ երկիր, որը սակայն վարում է երկակի խաղ, իսկ այդ խաղերը ճշմարտության հետ որեւէ կապ չունեն: Ես` որպես համայնքի ղեկավար, կանգնած եմ հայ ժողովրդի կողքին: Թեպետ բոլորն էլ գիտեն, սակայն մեկ անգամ եւս կցանկանայի նշել, որ ամբոջությամբ կողմ եմ Հայաստանի վարած քաղաքականությանը` Հայոց ցեղասպանության հարցի հետ կապված: Հույս ունեմ, որ 100-ամյակի շրջանակներում Թուրքիան իր մեջ ուժ կգտնի, որպեսզի ընդունի Հայոց ցեղասպանությունը»,-նշում է Ռ. Վարժապետյանը:
Ռիմա Վարժապետյանը նաեւ հավելեց, որ Թուրքիայի վարած քաղաքականությունն ուղղված է բացառապես Հայոց ցեղասպանության փաստը մերժելուն. « Մեծագույն սուտ են այն հայտարարությունները, որոնք Թուրքիան հնչեցնում է ամենաբարձր մակարդակով` կարելով այդ ամենը սպիտակ թելով: Նրանց թեորիան չի համապատասխանում իրականությանը: Այսօրվա դրությամբ Թուրքիայի կողմից իրականացվող բոլոր քայլերն ուղղված են Հայոց ցեղասպանությունը ժխտելուն: Կարծում եմ` դրանք կապ ունեն նաեւ տնտեսության եւ տարածքային հարցերի հետ, որոնք, իհարկե, հետագայում առաջ կգան: Թուրքիայի առաջնորդի բարոյական կերպարը պետք է լինի այն, որ նա որպես մարդ գիտակցի` ինքը ցեղասպանություն իրականացրած ազգի հետնորդն է»:
Նա նաեւ նկատեց, որ 1915 թվականին տեղի ունեցած ոճրագործությունը վաղ թե ուշ ընդունվելու է Թուրքիայի կողմից. «Միեւնույն է, Հայոց ցեղասպանությունը վաղ թե ուշ ընդունվելու է, իսկ Թուրքիայի առաջնորդների վարած քաղաքականությունը մնալու է պատմության մեջ` արժանանալով խիստ քննադատության»:
Սոսե Չանդոյան