ԲՀԿ-ի «ոդիսականը»՝ իշխանությունից դեպի ընդդիմություն
AnalysisՎերջապես իրականացավ Նաիրա Զոհրաբյանի երազանքը՝ նա ընդդիմություն է: Այսինքն` մնաց ինքը, ԲՀԿ-ի անունը, էլի մի քանիսը, և իրենք ընդդիմություն են. ավարտվեց ԲՀԿ-ի «ոդիսականը» իշխանությունից դեպի «այլընտրանք», «այլընտրաքից»՝ դեպի ընդդիմություն: Այս «ոդիսականի» ընթացքում, իհարկե, ԲՀԿ-ից արդյունքում մնաց վերջին «Կ»-ն, բայց դա այդքան էլ կարևոր չէ, նաև կարևոր չեն այն բոլոր միջանկյալ փուլերը, որոնց միջով անցնում էր «Կ» դարձած ԲՀԿ-ն՝ «այլընտրանք», «ոչ իշխանական» և այլն: Կարևորը վերջն է, արդյունքը: Իսկ արդյունքը մեր ընդդիմադիր դաշտում գրեթե միշտ նույնն է լինում՝ «ընդդիմափոխությունը»:
Սովորաբար տարբեր երկրներում ընդդիմությունը գործում և պայքարում է հանուն ինչ-որ դրական փոփոխությունների և իրականացնում է փոփոխություններ, կյանքի կոչում հետաքրքիր առաջարկներ, օրինագծեր, նաև` իշխանության գործունեությունը վերահսկողի դեր ստանձնում: Հայաստանում այս ամենը մի փոքր այլ է՝ ընդդիմությունը ոչ թե վերահսկում է իշխանության գործունեությունը, այլ պարզապես խուճապահար է անում նրան՝ ապահովելով ռեժիմի՝ մշտապես խուճապի մեջ լինելը:
Ինչ վերաբերում է փոփոխություններին, ապա Հայաստանում ընդդիմությունը նույնպես հասնում է դրան, պարզապես մեզ մոտ փոփոխությունները տեղի են ունենում միայն ընդդիմադիր դաշտում, այլ կերպ ասած՝ տեղի է ունենում «ընդդիմափոխություն»: Եվ այդ «ընդդիմափոխությունները» մեր երկրում այնքան հաճախ են լինում և այնքան հաջողությամբ իրականանում, որ, եթե միջազգային ուսումնասիրություն կատարվեր, ապա չեմ կասկածում, որ «ընդդիմափոխությունների» քանակով Հայաստանը կգրավեր աշխարհում առաջին տեղը:
Դե լավ է, գոնե որոշ ոլորտներում հաջողությունների կարող ենք հասնել, ոլորտի ներկայացուցիչներն էլ կարող են լինել գոհ և երջանիկ, ինչպես հիմա Նաիրա Զոհրաբյանն է, հավանաբար, գոհ: Գոհ է, որ ընդդիմություն է, այլ հարց է, թե ում է ընդդիմանում, ինչի համար է ընդդիմանում...
Կարեն Վարդանյան
Orer.am, վերլուծական