Նոր զարգացումներ ՀՀ-ի՝ ԵՏՄ-ի և ԵՄ-ի հետ հարաբերություններում
Blog«Հայաստանն անկախ երկիր է և իր պետական շահերից բխող որոշումներ կայացնելու իրավունք ունի։ Այո, Հայաստանը ԵՏՄ անդամ է, պարտավորություններ ունի այդ միության շրջանակում, սակայն մենք համոզված ենք, որ այդ պարտավորությունները չեն խախտվի, և Հայաստանը կզարգացնի իր հարաբերությունները ԵՏՄ անդամ չհանդիսացող երկրների հետ` չվնասելով միության շահերը»,- երեկ «Սպուտնիկ-Արմենիա» ռադիոկայանի եթերով նման հայտարարություն է արել ՀՀ-ում ՌԴ արտակարգ և լիազոր դեսպան Իվան Վոլինկինը:
Դեսպանի խոսքն ուշագրավ է ու կարևոր, հատկապես՝ ԵՏՄ-ի և ԵՄ-ի հետ ՀՀ-ի համագործակցության վերջին զարգացումների համատեքստում: Դեռևս 2014 թ. սեպտեմբերի 3-ին ԵՏՄ-ին անդամակցելու ցանկության մասին ՀՀ Նախագահ Ս. Սարգսյանի հայտարարությունից հետո քաղաքական դաշտում չէին դադարում խոսակցությունները, որ ԵՏՄ անդամակցությունը Ռուսաստանի կողմից պարտադրված քայլ էր, ինչը Հայաստանին ետ պահեց ԵՄ հետ ասոցացման ճանապարհից: Եվ այս տարվա հունվարի 2-ից ի վեր, երբ ՀՀ-ն արդեն ԵՏՄ լիիրավ անդամ դարձավ, տարբեր փորձագետներ «գուժեցին», որ ՀՀ-ն արտաքին քաղաքական ոչ ճիշտ կուրս է ընտրել, որը դատապարտված է ձախողման:
Նույն ընթացքում, սակայն, թե ՀՀ իշխանության ներկայացուցիչների, թե ԵՄ տարբեր պաշտոնյաների կողմից պարբերաբար հնչում էին կարծիքներ, որ թեև ԵՏՄ-ն, որպես տնտեսական միավոր համատեղելի չէ ԵՄ ազատ առևտրի համաձայնագրի հետ, սակայն չի բացառվում, որ ԵՄ-ն Հայաստանի հետ համագործակցի Ասոցացման համաձայնագրի քաղաքական մասով:
Մարտի 16-ին ՀՀ ԱԳ նախարար Է. Նալբանդյանը, իսկ 1 օր անց նաև ՀՀ Նախագահ Ս. Սարգսյանը «Եվրանեսթ» ԽՎ 4-րդ լիագումար նիստում հայտարարեցին, որ Հայաստանը ելնում է այն սկզբնակետից, որ հնարավոր է համատեղել Եվրասիական տնտեսական միությանը ՀՀ անդամակցությունն ու Եվրամիության հետ խոր եւ ընդգրկուն օրակարգը, և որ համագործակցության ձեւաչափը վերջնական քննարկման փուլում է:
Այս դիրքորոշումը մարտի 19-ին Երևանում հաստատեց նաև «Եվրանեսթ» ԽՎ-ի համանախագահ Հեյդի Հաուտալան՝ նշելով, որ նոր քննարկումներ են ընթանում ՀՀ-ի և ԵՄ-ի միջև նոր համաձայնագրի շուրջ, հատկապես` Ասոցացման համաձայնագրի քաղաքական մասի վերաբերյալ, և որ ԵՄ-ի կողմից փոխադարձ աջակցություն կա և՛ սոցիալական, և՛ քաղաքական բարեփոխումների գործընթացներում:
Այս իրադարձությունների համատեքստում ՌԴ դեսպան Վոլինկինի հայտարարությունը փաստում է, որ ՌԴ-ն դեմ չէ ՀՀ-ԵՄ նոր ձևաչափով համագործակցությանը, և դա չի խոչընդոտում ԵՏՄ-ին Հայաստանի անդամակցությանը: Սա, անշուշտ, վկայում է որ ԵՏՄ երկրների հետ շահավետ տնտեսական հարաբերություններից բացի Հայաստանը ԵՄ հետ ավելի ընդգրկուն օրակարգով համագործակցության հնարավորություն կունենա, և այս իրողությունը մոտ ապագայում նոր զարգացումներ է ենթադրում:
Դավիթ Պետրոսյանի ֆեյսբուքյան գրառումը