Պիկասոյով ոգեշնչված արվեստագետը մոնումենտալ գեղանկար է նվիրել Հայոց ցեղասպանության հիշատակին
CultureՀայոց ցեղասպանությունից 100 տարի անց ԱՄՆ Չիկագո քաղաքի բնակչուհի, արվեստագետ Ջեքի Կազարյանը մոնումենտալ գեղանկար է նկարել` ի հիշատակ ցեղասպանության զոհերի և վերացման եզրին գտնվող հայկական մշակութային ժառանգությանը:
Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով «Reuters» լրատվական գործակալությունը, «Նախագիծ 1915» խորագիրը կրող մոնումենտալ գեղանկարն առաջին անգամ հանրությանը կցուցադրվի ապրիլի 17-ին Չիկագոյում: Հեղինակի նպատակն է եղել խթանել հանրային իրազեկության բարձրացմանը հայկական կորսված մշակույթի և հայերի հետ տեղի ունեցած ողբերգության մասին:Այն աբստրակտ ոճի բնանկար է, որի վրա հայկական քարտեզների, գրերի, մանրանկարչության և խորհրդանիշների տարրեր կան:
Արվեստագետը նկարել է` ոգեշնչվելով Պաբլո Պիկասոյի` Իսպանիայի քաղաքացիական պատերազմի անմարդկայնությունը, դաժանությունը պատկերող «Guernica» նկարից: Հայոց ցեղասպանությանը նվիրված հսկայական ծավալի գեղանկարն ունի նույն չափերը (11.5 x 26 ոտնաչափ), ինչ Պիկասոյի հայտնի գործը:
«Ոչ ոք չէր իմանա Գուերնիկայում տեղի ունեցածի մասին, եթե չլիներ այդ գեղանկարը»,- ասել է Կազարյանը:Արվեստագետ Ջեքի Կազարյանի ստեղծած գեղանկարի ներքևի երկու անկյուններում պարզված ձեռքեր են պատկերված, որոնք, կարծես, իրենց վրա են պահում նկարը և հայկական ողջ մշակույթը:Չիկագոյի ցուցադրությունից հետո գեղանկարը կներկայացվի ԱՄՆ համալասրաններում և պատկերասրահներում: