«Եթե ճնշումներ եղել են, ապա` իր ընտանիքում». Սեյրան Օհանյանը` հակառակորդի կողմն անցած զինծառայողի մասին
SocietyՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը մանրամասներ է ներկայացրել օրերս հակառակորդի կողմն անցած հայ զինծառայողի մասին: Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում նախարարը վստահեցրեց, որ այդ զինվորի նկատմամբ հրամանատարների կողմից ճնշումներ չեն եղել: Փոխարենը' նախարարը չբացառեց, որ եթե եղել են ճնշումներ, ապա եղել են նրա ընտանիքում: «Եթե ճնշումներ եղել են, ապա' իր ընտանիքում: Նախնական , կարող եմ ասել, որ զինվորի և իր ընտանիքի միջև լարված հարաբերություններ են եղել: Ամեն ինչ կպարզվի: Բացառում եմ հրամանատարների կողմից վատ վերաբերմունքը. նա պայմանագրային զինծառայող է եղել փոքր ստորաբաժանման մեջ՝ ականանետային, այդ ստորաբաժանման մեջ միջանձնային հարաբերություններ համարյա չեն լինում»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ շեշտեց նախարարը:
Նա հայտնեց, որ մի խումբ զինծառայողներ նկատել են, սակայն չեն կարողացել կանխել հակառակորդի կողմն անցած զինվորի փախուստը: «Այն պահին, երբ այդ զինվորը լքել էր դիրքը, մեր զինծառայողներից մի քանիսը տեսել էին, թե ինչպես է նա արագ վազում: Չի ստացվել կանխել: Իսկ այն տեսանյութը, որ ադրբեջանական լրատվամիջոցները հրապարակել էին, ակնհայտորեն հակառակորդի կողմից պատրաստված տեսանյութ էր»,- նշեց Սեյրան Օհանյանը:
Անդրադառնալով հակառակորդի կողմն անցած զինծառայողի նման արարքի պատճառներին՝ նախարարը նշեց, որ պատճառները պետք է փնտրել նրա ընտանիքի մեջ: «Ծառայողական քննություն է նշանակված, և քրեական գործ է հարուցվել: Ընթացքում ամեն ինչ կպարզվի: Քանի որ ինքը այստեղ չէ, ուստի, ստիպված ենք նրա ընտանիքի անդամների, մտերիմների միջոցով պարզել ամեն ինչ և արդյունքների մասին կտեղեկացնենք հանրությանը»,- հայտնեց Օհանյանը: