«Լոյս ի լուսո» մեծ ուխտի մեկնարկը տրվեց
CultureՀայ հանդիսատեսը երեկ հնարավորություն ունեցավ ունկընդրելու հայ հոգևոր երաժշտությունըˋ համասյանական բացառիկ մեկնաբանությամբ: Մարտի 24-ի երեկոյան Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում տեղի ունեցավ հայ անվանի ջազ դաշնակահար Տիգրան Համասյանի և Երևանի պետական կամերային երգչախմբի (գեղարվեստական ղեկավար՝ Հարություն Թոփիկյան) «Լոյս ի լուսոյ» համերգաշարի առաջին համերգը: Տրվեց Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված համերգաշարի մեկնարկը:
Համերգի ընթացքում հնչեցին բացառապես հոգևոր երգերˋ շարականներ ու տաղեր՝ մշակված դաշնամուրի և երգչախմբի համար: Համերգի ավարտին հանդիսատեսը ծափերով ուղղակի «ստիպեց» Համասյանին վերադառնալ և ևս մի գործ նվագել: Դաշնակահարը հնչեցրեց իր լավագույն մշակումներից մեկը՝ «Ո՞ւր ես, մայր իմ»:
«Լոյս ի լուսո» խորագիրը կրող համերգաշարը ապրիլի 24-ին կներկայացվի Բեյրութում, այնուհետև' Ֆրանսիայում, Բելգիայում, Իտալիայում, Չեխիայում և Գերմանիայում, իսկ հունիսին' կրկին Հայաստանում, հետագայում' Վրաստանում, Իրանում, Թուրքիայում, Մեծ Բրիտանիայում, Շվեյցարիայում: Դեկտեմբերին համերգային շարքը կամփոփվի ԱՄՆ-ում: Երաժիշտը Երևանի պետական կամերային երգչախմբի փոքր խմբով ծրագրում է հանդես գալ նաև Ջավախքում, Թբիլիսիում, Գանձայում, Կարսում, Արևմտյան Հայաստանի այլ քաղաքներում և Ստամբուլում:
Բոլոր համերգները տեսագրվելու են և ամփոփվելու մեկ վավերագրական ֆիլմում: