Մեկնարկում է «ԳՐՔԻ ԲԱՆԿ՝ նվիրատվության տաղավար» ծրագիրը
BlogՍ.թ. մարտի 27-ին, ժամը 12:00-ին Խնկո-Ապոր անվան ազգային մանկական գրադարանի դիմաց՝ «Ընթերցողը» հուշարձանի հարևանությամբ մեկնարկում է «ԳՐՔԻ ԲԱՆԿ՝ նվիրատվության տաղավար» ծրագիրը:
Երրորդ տարին շարունակ գործում է «Գրքի բանկ» ծրագիրը, որի շրջանակներում իրականացվում են գրքերի նվիրատվության բազմաթիվ նախագծեր:
Մարտի 27-ից Խնկո-Ապոր անվան ազգային մանկական գրադարանի դիմաց՝ «Ընթերցողը» հուշարձանի հարևանությամբ շարունակելու է գործել «ԳՐՔԻ ԲԱՆԿ՝ նվիրատվության տաղավարը», որտեղ յուրաքանչյուր ոք կարող է նվիրել գեղարվեստական կամ գիտահանրամատչելի գրքեր:
«Գրքի բանկում» հավաքված ողջ գրականությունը փոխանցվելու է ՀՀ զորամասեր, համայնքային գրադարաններ, մանկական խնամքի կենտրոններ և այլ հաստատություններ:
Այս տարի նախագծին աջակցում են «Յուքոմ» ընկերությունը և Երևանի քաղաքապետարանը:
«Գրքի բանկ» ծրագիրը մեկնարկել է 2013 թվականից: Ծրագրի շրջանակներում հավաքվել են 12000-ից ավելի գրքեր, որոնք փոխանցվել են ՀՀ համայնքային գրադարաններ, զորամասեր և այլ հաստատություններ:
«ԳՐՔԻ ԲԱՆԿ՝ նվիրատվության տաղավար» նախագիծն իրականացնում է «Ֆլեշմոբ Դիվիզիա» երիտասարդական ՀԿ-ն և Երևանի քաղաքապետին կից երիտասարդության հարցերի խորհուրդը՝ Երևանի քաղաքապետարանի և «Յուքոմ» ընկերության աջակցությամբ: