Կբարձրանա՞, թե՞ կիջնի ՀՅԴ-ի իմիջը` Սփյուռքի նախարարի պաշտոն ունենալուց հետո
PoliticsՕրերս լրատվամիջոցների կարեւոր քննարկման թեմաներից էր ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանի` ՌԴ-ում Հայաստանի դեսպան նշանակվելը, որի հետ կապված` հնչեցին թերեւս ամենատարբեր տեսակետները եւ տվյալ պաշտոնում հայտնվող անձանց անունները: Ըստ շրջանառվող լուրերի` ՀՀ սփյուռքի նախարարի պաշտոնը կզբաղեցնի ՀՅԴ ներկայացուցիչներից մեկը:
Սփյուռքի նախարարի պաշտոնում «քաղաքական քառյակի» նախկին անդամի հայտնվելու մասին, Orer.am-ը զրուցեց ԱԺ ՀԱԿ խմբակցության պատգամավոր Լյուդմիլա Սարգսյանի հետ, ով նշեց. «Հրանուշ Հակոբյանը, անկեղծ ասած, վատ չէր աշխատում, համենայն դեպս, անընդհատ տեսնում էինք, որ նա շրջագայում էր, հանդիպումների մեջ էր: Այդ ընթացքում հավանաբար Հայոց ցեղասպանության հետ կապված հարցեր էր վերհանում, միգուցե նաեւ լուծումներ էր գտնում, ոչինչ չունեմ ասելու: Կցանկանայի նշել, որ նա ամենավատ նախարարը չէ, որն ունենք մեր կառավարությունում»:
Այն հարցին, թե ինչպե՞ս եք վերաբերում, երբ նախկինում «քաղաքական քառյակի» մաս կազմող կուսակցությունը կրկին անցնելու է իշխանության շարքերը, պատգամավորը պատասխանեց. «Եթե ՀՅԴ-ն որոշել է մտնել կոալիցիա, բնականաբար նրանք կստանան նաեւ նախարարական պորտֆելներ, ես չեմ բացառում, որ այդ պորտֆելը կարող է լինել նախարարի պորտֆելը: Տրամաբանական եմ համարում նաեւ այն քայլը, որ եթե կոալիցիայի մեջ մի քանի քաղաքական ուժեր կլինեն, ենթադրենք դրանք են` ՕԵԿ-ը, ՀՅԴ-ն եւ ՀՀԿ-ն, ապա այս պարագայում շատ ավելի լավ կլինի, որ Սփյուռքի նախարարը լինի ՀՅԴ-ից, որովհետեւ ՀՅԴ-ն, ինչպես նաեւ Հնչակյան կուսակցությունը շատ մեծ կապեր ունեն սփյուռքի հետ: Մենք լավատեղյակ ենք սփյուռքի մեր գաղթօջախների վիճակից»:
ՀՅԴ-ի հերթական դավաճանության եւ նրա իմիջի անկման, իսկ միգուցե նաեւ բարձրացման վերաբերյալ էլ Լյուդմիլա Սարգսյանը նշեց. «Գիտեք, ամեն քաղաքական ուժ ինքն է որոշում, թե ինչպես առաջ շարժվի: ՀՅԴ-ն միշտ եղել է իշխանության մեջ, նա շատ քիչ դեպքերում է ընդդիմություն եղել, հավանաբար նրանք իրենց նորից տեսնում են իշխանության մեջ. թե որքանո՞վ այն դրական ազդեցություն կունենա իրենց իմիջի վրա, իհարկե, չեմ կարող ասել, ավելի ճիշտ կարծում եմ, որ անկում, այնուամենայնիվ, կգրանցվի: Նկատենք` նրանք իրենց քայլերը միշտ հիմնավորում են, օրինակ, թե ինչու են կողմ սահմանադրական փոփոխություններին եւ այլն»:
Սոսե Չանդոյան