Հարկայինը՝ իշխանական ճամբարում. ի՞նչ է տեղի ունենում Հայաստանի տնտեսական դաշտում
EconomicsՕրերս հայտնի դարձավ, որ Հարկային ծառայությունը ստուգումների արդյունքում պատկառելի տուգանքներ է ներկայացրել նաև իշխանական պատգամավորներին պատկանող ձեռնարկություններին։ Օրինակ՝ 60 միլիոնով տուգանվել է «Հրազդան» տոնավաճառը, 653 միլիոն դրամով՝ ԱԺ ՀՀԿ-ական պատգամավոր Հակոբ Հակոբյանին պատկանող «Երևան գարեջուր» ընկերությունը։
Տուգանքներն իսկապես պատկառելի թիվ են կազմում: Եթե հանրային գործիչների պարագայում այս թվերը առավել շատ քննարկման են արժանանում և հասարակությունը առավել իրազեկ է ընթացող գործընթացներին, ապա ոչ հանրային իշխանական գործիչների բիզնեսներում տարատեսակ հարկային ստուգումների մասին տեղեկությունները մնում են ստվերում: Իսկ այն, որ այդ ստուգումները ձեռք են բերել համատարած բնույթ՝ ակներև է անգամ անզեն աչքով...
Ի՞նչ է տեղի ունենում իշխանական ճամբարում և ինչու՞ յուրայինները հայտնվեցին հարկայինի ստուգումների թիրախում: Ասել, թե տեղի է ունենում քաղաքական ճնշում՝ բացարձակ անհեթեթություն է, որովհետև այդ գործիչները իշխող կուսակցության հիմնասյուներից են և նրա քաղաքական կուրսի կրողը: Ըստ էության տեղի է ունենում երկրում տնտեսական բալանսը վերականգնելու գործընթաց:
Տարիներ շարունակ երկրի հարկային բեռի պատկառելի մասը ընկած է եղել մանր ու միջին բիզնեսի ուսերին: Մարդիկ այդ բեռը կրել են լռելյայն, եղել են պարտաճանաչ հարկատուներ և, ըստ էության, ծածկել են նաև տնտեսության ստվերային հատվածի բեռը: Տնտեսության զարգացման կարևորագույն ազդակներից մեկը հավասար և համաչափ հարկային բեռի ստեղծումն է. ի վերջո ցանկացած իշխանություն անվստահելի է, եթե հարկային պարտավորությունները հավասարապես չի բաշխում: Անկախության շրջանում կապիտալի բաշխման դաժան և բոլոր երկրներում արյունոտ փուլից հետո, ի վերջո, պետք է տեղի ունենա հարկային դաշտի վերաբաշխում, որովհետև պետությունը չի կարող թույլ տալ իրարից բացարձակապես անջատ զարգացող երկու տարաբևեռ տնտեսությունների գոյություն:
Հնչող կարծիքները՝ այս ամենը արվում է բյուջեի դեֆիցիտը ծածկելու համար, միգուցե ճիշտ են: Սակայն պետք է ընդունել, որ բոլոր հասարակություններում նմանատիպ ռիսկին նախորդել է որևէ հասարակական, տնտեսական կամ քաղաքական ազդակ: Երևույթն ինքնին դրական է, որ բյուջեի պակասորդը ծածկելու համար տեղի է ունենում ոչ թե հարկային բեռի ավելացում կամ վարչարարության խստացում մանր ու միջին բիզնեսի վրա, այլև վերաձևվում է հարկային դաշտը: Սա դրական միտում է և քաղաքական կամքի ցուցաբերման պարագայում հաջորդ տարվա բյուջեում կարող է ակնհայտ դրական տեղաշարժ ապահովել:
Ինչ վերաբերվում է խոսակցություններին, որ Հարկային ծառայության ստուգումները կարող են բերել քաղաքական քարտեզի նոր գունավորման՝ ուղղակի ուտոպիայի ոլորտից են: Հայաստանյան իրականության մեջ կատարված հանցագործությունների և պարտավորությունների չկատարման մասին օդում թևածող խոսակցությունները նման վերաձևումների հնարավորություններ չեն թողնում...
Վկա՝ էն տղան, որ շատ ուրախ էր, որ մեզ հետ է՝ մեր կողքին կանգնած...
Տեսա՞ք ինչ եղավ...
Վարուժան Բաբաջանյան / Orer.am