Արթուր Մեսչյանի սիրահարները համերգ են ցանկանում
CultureԲավականին երկար ժամանակ է՝ հայ ունկնդիրը լսում է Արթուր Մեսչյանի կատարումները միայն ձայնագրություններով: Հասարակության շրջանում պահանջ է ձևավորվել տեսնել իրենց սիրելի կատարողին և լսել նրա կենդանի ձայնը: Այդ նպատակով ֆեյսբուքում ստեծվել է «Ստորագրահավաք՝ հանուն Արթուր Մեսչյանի մենահամերգի» միջոցառումը: https://www.facebook.com/events/1425446374421930/1429971213969446/
Նախաձեռնության հեղինակներից Շահեն Հարությունյանն Orer.am-ին ասաց, որ մտահաղացումն իրենն է, քանի որ, լինելով նոր սերնդի ներկայացուցիչ, ինքը գրեթե չի տեսել հեղինակ-կատարողին բեմում:
«Նրա երաժշտության պահանջը մեր հոգում միշտ կա»,- ընդգծեց Շահեն Հարությունյանը:
Ըստ Շահենի՝ ստորագրահավաքի կամ այդ տիպի այլ գաղափարների մասին ինքը միշտ մտածել է, սակայն հույս է ունեցել, որ Մեսչյանը հանդես կգա համերգային ծրագրով և ակցիաների կարիքը չի լինի: Հարությունյանը պատմեց, որ ֆեյսբուք սոցիալական ցանցում իրեն և իր ընկերներին արդեն միացել է շուրջ 1000 օգտատեր: Այս ամենը չի սահմանափակվում վիրտուալ տիրույթում: «Մեսչյանականները» հանդիպել և քննարկել են իրենց անելիքները մարտի 15-ին Մաշտոցի պուրակում: Նրանք պատրաստում են նամակ գրել և ուղարկել Արթուր Մեսչյանին: Շահեն Հարությունյանը համոզված է,որ նամակը կհասնի հասցեատիրոջը և նա ականջալուր կլինի հասարակության պահանջին:
Orer.am-ի այն հարցին՝ Մեսչյանի ո՞ր երգն է ավելի շատ սիում և ո՞րն է ավելի պատկերավոր ներկայացնում մեր այսօրվա կյանքը, Շահեն Հարությունյանը նշեց. «Բոլոր երգերը շատ եմ սիրում, բոլորն էլ մեր երկրի համար խիստ արդիական են: Կարող եմ առանձնացնել «Ահա և վերջ» երգը, սակայն կրկնում եմ, որ յուրաքանչյուրն էլ իր ուրույն և կարևոր նշանակությունն ունի»:
Եվ վերջում Շահեն Հարությունյանը հիշեցրեց. «Մի քանի օրից՝ մարտի 29-ին, ժամը 13.00 հավաքվում ենք Անգլիական այգում և համախմբում ենք բոլորիս կողմից հավաքված ստորագրությունները»:
Լևոն Փանոսյան