Ռուսաստանն այս քայլով փորձում է ստորացնել Հայաստանին. Ստյոպա Սաֆարյան
Politics
Երեկ ռուսական մամուլը փոխանցեց՝ Գյումրիում Ավետիսյանների ընտանիքի 7 անդամի սպանության մեջ մեղադրվող ռուս զինվոր Վալերի Պերմյակովի դատավարությունը կանցկացվի Հայաստանում: Քիչ անց տեղեկություն տարածվեց այն մասին, որ հայկական եւ ռուսական կողմերը վերջնական համաձայնության են եկել, որ դատական գործընթացը տեղի կունենա Գյումրիում՝ 102-րդ ռազմաբազայի կայազորային զինվորական դատարանում:
Աղբյուրի փոխանցմամբ` Հայաստանի հյուսիսում տեղակայված ռազմաբազայի կարգավիճակի մասին երկկողմ համաձայնագրի հիման վրա: Բացի այդ, վճռվում է ռուսական քրեական օրենսդրության հիման վրա միասնական մեղադրական եզրակացության ընդունման հարցը:
«Դատարանը պետք է միաժամանակ քննության առնի ռուսական կողմի ներկայացրած մեղադրանքները՝ զենքով դասալքության առնչությամբ»,-ասել է աղբյուրը:
Թե իրականում ի՞նչ է նշանակում երկու երկրների այս որոշումը, Orer.am-ը ճշտեց «Միջազգային եւ անվտանգության հարցերի հայկական ինստիտուտի» հիմնադիր-նախագահ Ստյոպա Սաֆարյանից, ով նշեց. «Ես կարծում եմ, որ ռուսական կողմը ոչ թե փորձում է բավարարել հայկական կողմի օրինական պահանջները, այն է` Պերմյակովին Հայաստանին փոխանցել եւ նրան դատել Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ, այլ հակառակը` Ռուսաստանն այս քայլով փորձում է ստորացնել Հայաստանին, ակնարկել, որ նրան դատելու են Հայաստանում, բայց գործելու են Ռուսաստանի օրենքներն ու Ռուսաստանն է արդարադատությունն իրականացնելու: Այս ամենն ավելի շատ որպես նվաստացում պետք է դիտել, ոչ թե պահանջների բավարարում»:
Orer.am-ի այն հարցին, թե արդյո՞ք Ռուսաստանը նման հայտարարություններ անելով փորձում է «փափուկ բարձ դնել» հայերի գլխի տակ, Ս. Սաֆարյանը պատասխանեց. «Նման հայտարարությամբ նրանք փորձում են պարզապես ապացուցել իրենց մտքի դրածը. Ռուսաստանն այդ ամենն անում է Հայաստանին շարունակաբար ոչնչացնելով: Մի կողմից նրանք փորձում են ցույց տալ, որ ինչ-որ պահանջներ են կատարում, բայց իրականում մենք հասկանում ենք, որ այդ քայլերը պահանջների կատարում չեն»:
Սոսե Չանդոյան