Ապրիլի 24-ին հնարավոր են հանդիպումներ նաեւ այլ երկրների նախագահների հետ. Սերգեյ Մինասյան
PoliticsՕրերս մամուլում շրջանառվեցին լուրեր այն մասին, որ Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի հետ կապված Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը կայցելի Հայաստան: Երեկ արդեն պարզ դարձավ, որ ապրիլի 24-ին ՀՀ եւ ՌԴ նախագահները Ծիծեռնակաբերդ այցելելուց բացի, հանդիպման ընթացքում քննարկելու են Ղարաբաղյան հարցը:
Արդյոք Սարգսյան-Պուտին հանդիպումը կտա՞ իր դրական պտուղները սահմանային լարումների թուլացման տեսքով, Orer.am-ը ճշտեց քաղաքագետ Սերգեյ Մինասյանից, ով նշեց. «Անկեղծ ասած չեմ կարծում, որ Սարգսյան-Պուտին հանդիպումից հետո առանձնահատուկ փոփոխություններ կլինեն շփման գծում, սակայն, եթե քննարկումների արդյունքում սահմանի վրա ինչ-որ չնչին տոկոսով ավելի հանգիստ վիճակ ունենանք, ապա դա արդեն կդիտվի որպես դրական քայլ: Չեմ կարծում, որ չափից դուրս լուրջ քննարկում կլինի. հնարավոր է Ռուսաստանն Ադրբեջանի նկատմամբ ճնշում գործադրի, որպեսզի վիճակը մի փոքր հանդարտացնի»:
Իսկ թե ինչո՞ւ Հայաստանի դարավոր բարեկամ Ռուսաստանն այդպես էլ չի ձեռնարկում կոնկրետ քայլեր, քաղաքագետը պարզաբանեց. «Ռուսաստանն Ադրբեջանի հետ ունի իր սեփական հարցերն ու խնդիրները: Ասեմ ձեզ, որ ոչ միայն Ռուսաստանը, այլ նաեւ որեւէ այլ դրսի ուժ առանձնահատուկ ցանկություններ չունի որեւէ ձեւով փոխել այն ստատուս քվոն, որը կա Լեռնային Ղարաբաղի շուրջ»:
Այն հարցին` արդյո՞ք ապրիլի 24-ին Ղարաբաղյան հարցի քննարկումը որեւէ ենթատեքստ կունենա, Ս. Միասյանը պատասխանեց. «Երկրների նախագահներն օգտագործում են յուրաքանչյուր առիթ կամ իրադարձություն, որպեսզի քննարկեն այն հարցերը, որոնք գոյություն ունեն իրենց քաղաքական օրակարգում: Գիտենք, որ անցած տարի ՀՀ նախագահը հանդիպումներ էր ունեցել Առաջին համաշխարհային պատերազմի հարյուրամյակի ժամանակ»:
Քաղաքագտը նաեւ հավելեց, որ Պուտինի հետ հանդիպումից բացի, ապրիլի 24-ին հնարավոր են հանդիպումներ նաեւ այլ երկրների նախագահների հետ:
Սոսե Չանդոյան