Զատկի տոնին ընդառաջ՝ ձվի շուկայում էական գնաճ չի նկատվել
SocietyԶատկի տոնին ընդառաջ` տոնի խորհրդանշական կերակրատեսակների գնային և որակական հատկանիշների մասին այսօր լրագրողների հետ հանդիպմանը խոսել է «Իրազեկ և պաշտպանված սպառող» հ/կ-ի նախագահ Բաբկեն Պիպոյանը,- տեղեկացնում է Orer.am-ը:
Ըստ Պիպոյանի՝ այս տարի հավկիթի շուկայում էական գնաճ չկա, այն վաճառվում է հիմնականում 60-65 դրամով, նույնիսկ որոշ տեղերում նկատվում են ոչ մանր հավկիթներ, որոնք վաճառվում են 40-45 դրամով:
Գնից բացի, էական հարց է նաև սննդի որակը և պիտանելիությունը: Այս առումով բանախոսը նախազգուշացրեց, որ առկա են առանց որևէ մակնշման հավկիթներ, որոնցից պարզ չէ՝ ինչ ծագում ունեն: Դրանց մեծ մասն ունեն մեծ աղտոտվածություն, որոնք հիմնականում չեն վաճառվում իրացման ցանցերում, այլ շուկայական հատվածներում:
Բ. Պիպոյանը խորհուրդ է տալիս քաղաքացիներին պարտադիր ուշադրություն դարձնել արտաքին տեսքին:
«Թարմ հավկիթը ոչ թարմից տարբերվում է նրանով, որ թարմ հավկիթի կճեպը շատ սպիտակ է և հարթ, բացի այդ՝ հին ձուն լողացող է լինում և դա թափահարելիս զգացվում է, իսկ կոտրելուց հետո, եթե ձուն բարձրանում է ջրի երես, ապա այն հին է»,- նշում է նա:
Խոսելով կանաչեղենի գներից՝ Պիպոյանն ասաց, որ այս պահին արդեն մեկ կիլոգրամ մանդակն արժե 2000 դրամ: Նա խորհուրդ է տալիս կանաչին գնել հիմա՝ քանի դեռ վաղ է, որովհետև մի քանի օրից այն կարող է թանկանալ:
Բաբկեն Պիպոյանի խոսքով՝ ձկնեղենն առանձնապես չի թանկացել:
Լևոն Փանոսյան