Ոստիկանները հայտնաբերել են Դիլիջանում մի շարք գողություններ կատարած պատանիներին
SocietyՈստիկանության Տավուշի մարզային վարչության և Դիլիջանի բաժնի ծառայողները Դիլիջանի Սայաթ-Նովայի փողոցից, գողություն կատարելու կասկածանքով, բերման են ենթարկել 1998թ. ծնված Մարտուն Մ.-ին, 1995թ. ծնված Թաթուլ Ս.-ին և 1998թ. ծնված Ռուբեն Գ.-ին: Ինչպես տեղեկացրին ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի եւ լրատվության վարչությունից, Մարտուն Մ.-ն և Թաթուլ Ս.-ն խոստովանական բացատրություն են տվել, որ 2014թ. հունվարին, դուռը բանալիով բացելով, մտել են մի շինություն և գողացել օղի թորելու սարք:
Նյութերի նախապատրաստման ընթացքում բացահայտվել են նաև եռյակի հեղինակած մի շարք հանցադրվագներ:
Մասնավորապես, Մարտուն Մ.-ն, Թաթուլ Ս.-ն և Ռուբեն Գ.-ն 2014թ. մայիսից մինչև հոկտեմբերն ընկած ժամանակահատվածում երեք անգամ ցանկապատի վրայով մուտք են գործել Դիլիջանի Սայաթ-Նովայի փողոցի տներից մեկն ու գողացել լատունե և երկաթե փականներ, պղնձե լարեր, պղնձե կաթսա: Մարտուն Մ.-ն և Թաթուլ Ս.-ն 2014թ. սեպտեմբերին մետաղյա ձողով դռան կողպեքը կոտրելով՝ մուտք են գործել մի շինարարական կազմակերպության պատկանող շինություն և գողացել 15 մետր պղնձե հաղորդալար: Մարտուն Մ.-ն և Թաթուլ Ս.-ն 2014թ. ամռանից մինչև 2015թ. փետրվարն ընկած ժամանակահատվածում ցանկապատի վրայով հին գ անգամ մուտք են գործել Դիլիջանի Սայաթ-Նովայի փողոցում գտնվող մի կազմակերտության տարածք և գողացել պղնձե մալուխ, պղնձե խողովակներ, ալյումինե լարեր, ալյումինե տարաներ և լուսամփոփ: Մարտուն Մ.-ն և Թաթուլ Ս.-ն 2014թ. հունվարից մինչև 2015թ. մարտի 30-ն ընկած ժամանակահատվածում հինգ անգամ մուտք են գործել Սայաթ Նովա փողոցի թիվ 28 հասցեում գտնվող տան նկուղ և գողացել էլեկտրական շարժիչներ, պղնձե հաղորդալար:
Գողոնը մասամբ առգրավվել է: Նշանակվել են ապրանքագիտական փորձաքննություններ: Կատարվում է քննություն: