Գագիկ Ծառուկյանին մեծահոգաբար թույլ չեն տա նորից սխալվել
AnalysisԵրեկ ապրիլմեկյան կատակների տեսքով բավականին հետաքրքիր տեղեկություններ հայտնվեցին մամուլում, որոնցից առավել ուշագրավը, թերևս, թերթերից մեկում հրապարակված մի նյութ էր, որտեղ նշվում էր` իբր ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի գլխավորությամբ փակ խորհրդակցություն է կայացել մի քանի ՀՀԿ-ականի հետ, որի ընթացքում լրջորեն քննարկվել է ԲՀԿ-ի նախկին առաջնորդ Գագիկ Ծառուկյանին ակտիվ քաղաքականություն վերադարձնելու խնդիրը, և որ այդպիսի պահանջ դրել է օրերս Հայաստան այցելած ՌԴ Պետդումայի խոսնակ Սերգեյ Նարիշկինը՝ պաշտոնական Մոսկվայի հորդորով:
Սակայն հետաքրքիր էր, որ իշխանական որոշ շրջանակներ այս կատակը փորձեցին օգտագործել որպես լակմուսի թուղթ, որպեսզի Ծառուկյանի հնարավոր վերադարձի վերաբերյալ ստուգեն նախկին ու ներկա ԲՀԿ-ականների, ինչու չէ նաև որոշ ՀՀԿ-ականների արձագանքներն ու տրամադրությունները:
Հասկանալի է չէ՞, թե ինչպիսի նոր գլխացավանքի մեջ կարող են հայտնվել ԲՀԿ-ից անջատված օլիգարխները, դեռևս «նոկդաունից» դուրս չեկած ու փլատակներից կուսակցություն ստեղծելու փորձ անող ներկա կուսակցականներն ու ինչ-որ տեղ նաև ՀՀԿ-ի երիտասարդները:
Ինչպես ասում են, իսկ թե ինչ կլինի հետո` շատ հուզիչ է: Օլիգարխները Ծառուկյանին նորանոր ընծաներ և հավաստիացումներ կհանձնեն՝ ի նշան նոր՝ մոդեռնիզացված հավատարմության, գործող կուսակցականները նորից կլծվեն Ծառուկյանի քաղաքական իմիջի ձևավորման բարդ գործընթացին, իսկ ՀՀԿ-ի երիտասարդ կարկառուն գործիչները նեղ կոնյակախմության շրջանակներում կփորձեն մեջբերել «Աստվածաշունչ»-ը, որտեղ ի սկզբանե Բանն էր, որ ներում էր բոլորին:
Լակմուսի թուղթը լակմուսի թուղթ, կատակն էլ կատակ, սակայն իր համար ճակատագրական պահին միայնակ մնացած Գագիկ Ծառուկյանը դժվար թե նույն սխալը գործի կամ, ինչն ավելի հավանական է, նրան մեծահոգաբար թույլ չեն տա նորից սխալվել:
Նարեկ Ադամյան
Orer.am, վերլուծական