Արմեն Աշոտյանը սահմանափակումներով երեխաների հանդեպ վերաբերմունքի փոփոխության կարիք է տեսնում
ОбществоՀՀ կրթության և գիտության նախարարությունը չի կարող հանգիստ լինել, քանի դեռ կա մեկ երեխա, ով ունի կրթության առանձնահատուկ պայմանների կարիք, և դրանք դեռ լինովին ապահովված չեն: Այս մասին լրագրողների հետ զրույցում նշեց նախարար Արմեն Աշոտյանը: «Հայաստանում կրթության իրավունքի ապահովման տեսանկյունից ներառականության սկզբունքը ներդրված է արդեն տարիներ շարունակ: Այսօր ունենք 120 ներառական դպրոց, բացի դրանից, Մանկավարժական համալսարանում հատուկ դասընթացների շարք է ներդրվել, որպեսզի կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող երեխաների համար աշխատեն պրոֆեսիոնալ մանկավարժները: Անցյալ տարի Ազգային ժողովում ընդունվեց մի օրենք, որը հեղափոխական է իր բովանդակությամբ և աննախադեպ է Արևելյան Եվրոպայի շատ ու շատ երկրների համար: Այդ օրենքով մենք ցանկանում ենք ներդնել համատարած ներառականության սկզբունք: Սա նշանակում է, որ Հայաստանում կտրուկ պետք է պակասեն հատուկ դպրոցները»,- հայտնեց Արմեն Ա շոտյանը:
Նա, սակայն, նշեց, որ մի քանի հատուկ դպրոցներ, այնուամենայնիվ, կպահպանվեն, քանի որ որոշ ախտորոշումների պարագայում ներառական կրթության մեխանիզմը չի կարող գործել:
«Մենք ուզում ենք, որ ամեն երեխայի ճակատագրում կրթությունը խաղա վճռորոշ դեր, բայց մենք ունենք մատչելի միջավայրի խնդիր: Դպրոցներում ոչ բոլոր տեղերում կան թեքահարթակներ, եթե խոսքը գնում է հենաշարժողական սահմանափակումներ ունեցող երեխաների մասին»,- հայտնեց նախարարը:
Արմեն Աշոտյանը շեշտեց, որ սահմանափակումներ ունեցող երեխաների համար մատչելի միջավայր ստեղծելու գործում անհրաժեշտ են ոչ միայն ֆինանսական ներդրումներ, այլև կարևոր է հասարակության ներգրավումը: «Ամենակարևորը` պետք է հոգեբանության փոփոխություն, որովհետեւ խտրական վերաբերմունքը, ցավոք սրտի, միայն մեխանիկական խոչընդոտները չեն՝ թեքահարթակների բացակայությունը չէ, բարձր աստիճանավանդակը չէ: Խտրական վերաբերմունքը նաև երբեմն հասարակության մի հատվածի հոգեբանության, մտածելակերպի մեջ է: Այդ վերաբերմունքը պետք է կոտրել, որ տվյալ երեխաները դառնան հասարակության լիարժեք անդամ»,- եզրափակեց ԿԳ նախարարը: