Վարդան Ղուկասյանի արկածները եկեղեցում` Սուրբ Զատիկի տոնի ժամանակ
ОбществоԳյումրու «բոլոր ժամանակների» քաղաքապետ Վարդան Ղուկասյանը մինչ օրս շարունակում է աչքի ընկնել իր, այսպես կոչված, էքսցենտրիկ հարցազրույցներով եւ պահվածքով:
Չնայած նրան, որ Ղուկասյանի շուրջ տարբեր լեգենդներ են հյուսվում, այնուամենայնիվ դրանց ինչ-որ մաս հիմնված է իրական դեպքերի վրա: Իհարկե, բացառաության կարգով այսօր Ձեր ուշադրությանը կներկայացնենք միայն անցած տարի Սուրբ Զատիկի տոնին «Սուրբ Նշան» եկեղեցում տեղի ունեցած զավեշտը:
Ինչպես պատմում են գյումրեցիները՝ Ղուկասյանը, ում անունը սովորաբար կապում են այս կամ այն բացասական իրադարձությունների հետ, ունի ֆենոմենալ հիշողություն եւ Սուրբ Գրքից մեջբերումներ անելու սովորություն: Աստվածապաշտ, իսկ միգուցե նաեւ աստվածավախ սույն նախկին պաշտոնյան, ով սովորաբար օգնության ձեռք է մեկնում իրեն դիմող գրեթե բոլոր գյումրեցիներին, պահանջում է, որպեսզի իր կատարած լավության դիմաց նեղության մեջ գտնվող անձը պարտադիր կերպով գնա եւ նվիրատվություն կատարի եկեղեցուն: Նշենք, որ սա ղուկասյանական գործելաոճի ամենատարածված ձեւերից մեկն է: Չնայած նրան, որ հանգանակություն կատարելը վատ բան չէ, այնուամենայնիվ եկեղեցու դռան տեղը հիշեցնողը ոչ թե պարտադրանքով, այլ ինքն իր պահվածքով պետք է Գյումրու ժողովրդին տանի Աստծո ոտքին:
Թեպետ ով գիտե միգուցե Ղուկասյանը հենց այդ ճանապարհի վրա է եւ դրա վառ ապացույցն էլ այն է, որ դեռ անցած տարի «Սուրբ Նշան» եկեղեցում սեւ կոստյումը հագին նա բարձրացավ բեմ, խլեց հոգեւորականի ձեռքից միկրոֆոնը եւ շարունակեց աստվածաշնչյան մեջբերումը: Թե ինչ էր դա նշանակում՝ պատկերացնելը դժվար էր…
Ոմանք դա խայտառակություն են համարում, շատերն էլ ժպիտով են վերաբերում, ասելով. «Դե մեր Վարդանիկն է էլի, ինքն ամեն տեղ միկրոֆոնով խոսա գը…»:
Սոսե Չանդոյան