Սեռական հարաբերության առաջարկից վրդովված կինը դաժանաբար սպանել է գյումրեցի տղամարդուն
ОбществоPastinfo.am-ը գրում է.
Սեռական հարաբերության առաջարկ անելու համար տղամարդու սպանության մեջ մեղադրվող Կարինեի գործով այսօր դատարանը հրապարակեց ստացիոնար համալիր դատահոգեբանական և դատահոգեբուժական փորձաքննության եզրակացությունը, ըստ որի՝ կին ամբաստանյալը ճանաչվել է մեղսունակ:
Փորձագիտական հանձնաժողովը եզրակացրել է, որ Կարինեն ինչպես նախկինում, այնպես էլ ներկայումս հոգեկան հիվանդությամբ չի տառապել և չի տառապում, նրա մոտ հայտնաբերվել է անձի էմոցիոնալ անկայունության խանգարում:
Նշենք նաև, որ Կարինեն 1987թ. հաշվառված է եղել Լոռու մարզի հիվանդանոցում՝ թեթև դեբիլություն պսիխոպաթոնման վարքով ախտորոշմամբ, այդ մասին վկայում են ինչպես անամնեստիկ տվյալները, այնպես էլ ներկա հետազոտման արդյունքները:
Ինչպես իրավախախտում կատարելիս, այնպես էլ ներկայումս ամբաստանյալը զրկված չի եղել իր գործողությունների վտանգավորությունը գիտակցելու և դրանց ղեկավարելու ունակությունից:
Ամբաստանյալն իր ներկա հոգեկան վիճակով կարող է մասնակցել դատաքննչական գործողությունների, հաշվի առնելով նրա մոտ անձի էմոցիոնալ անկայունության խանգարումը: Խորհուրդ է տրվել նաև նյարդահոգեբույժի ամբուլատոր հսկողության տակ գտնվել:
Ինչ վերաբերում է կոմուլատիվ աֆեկտին, ապա փորձաքննվողը իրեն մեղսագրվող արարքի կատարելու պահին գտնվել է հուզական լարվածության, շփոթվածության և անելանելիության զգացումի վիճակում:
Գործին ներգրավված նոր պաշտպան Կարինե Խաչատրյանը հայտարարեց, որ գործն ամբողջությամբ իրեն չի տրամադրվել և միջնորդեց գործի նյութերի մյուս մասին ծանոթանալու և պաշտպանական տակտիկա ընտրելու նպատակով իր պաշտպանյալին տեսակցելու համար դատական նիստը հետաձգել:
Մահացած տղամարդու ծնողները, տուժողի իրավահաջորդ հայրը և մայրը, ովքեր Գյումրիից են գալիս յուրաքանչյուր դատական նիստին, հայտարարեցին, որ չեն ցանկանում այլևս ներկա գտնվել դատական նիստերին:
«էս աղջկա երես ես չեմ կարողանում տեսնել», -ասաց մահացած տղայի մայրը:
Դահլիճում ներկա ամբաստանյալի հարազատներից մեկին տարօրինակ թվաց տուժող կողմի այս հայտարարությունը, և նա փորձեց պարզաբանում ստանալ, ինչի համար դուրս հրավիրվեց դատական նիստերի դահլիճից:
Ըստ մեղադրանքի՝ Կարինեն 30.06.2014թ. Երևանի Անդրֆեդերացիայի 1-ին նրբանցքի թիվ 2 տան նկուղային հարկում գտնվող սենյակներից մեկում, վրդովված լինելով ոմն Կարենի կողմից իրեն սեռական հարաբերություն ունենալու առաջարկ կատարելու հանգամանքից, խոհանոցային դանակով երկու անգամ հարվածել է վերջինիս կրծքավանդակին՝ դիտավորությամբ ապօրինաբար նրան զրկելով կյանքից:
Շարունակությունը՝ այստեղ: