Շառլ Ազնավուրը թողարկման է պատրաստում նոր ալբոմ
КультураՖրանսահայ աշխարհահռչակ երգիչ եւ երգահան Շառլ Ազնավուրը թողարկման է պատրաստում նոր ալբոմ: Encores վերտառությամբ սկավառակը լույս կտեսնի մայիսի 4-ին՝ շանսոնիեի ծննդյան 91-րդ տարեդարձից առաջ, որը նա նշելու է մայիսի 22-ին: Այդ մասին հաղորդել է Agence France-Presse-ը:
«Առաջին անգամ ես ձայնագրում եմ ալբոմ, որը պատմում է իմ անցյալի մասին»,- ասել է Ազնավուրը եւ հավելել, որ նոր սկավառակի թեմաները կդառնան պատերազմը, ֆաշիզմի դեմ պայքարը, ինչպես նաեւ այն վայրերը, որտեղ ինքը եղել է իր կյանքի ընթացքում:
Ազնավուրը չորսամյա ընդմիջումից հետո մտադիր է վերսկսել իր համերգները Փարիզում: Այդ մասին նա հայտնել է RTL ռադիոկայանին տված հարցազրույցում: Վերջին տարիներին երաժիշտը ելույթներ էր ունենում միայն Ֆրանսիայի մայրաքաղաքի սահմաններից դուրս: Բայց այժմ, ինչպես նշում Է ՏԱՍՍ-ը, սեպտեմբերի 15-ից մինչեւ 27-ն ընկած ժամանակահատվածում վեց համերգ է ծրագրված Փարիզի խոշորագույն հարթակում՝ Մարզապալատում: Սա միակ քաղաքային համերգասրահն է, որտեղ հանրաճանաչ երգիչը դեռ ոչ մի անգամ ելույթ չի ունեցել իր երկարատեւ կարիերայի ընթացքում: