Նաիրա Զոհրաբյանը խորհրդարանին առաջարկում է գնահատական տալ Իրաքում եզդիների նկատմամբ բռնություններին
ОбществоԱզգային ժողովի «Բարգավաճ Հայաստան» խմբակցության ղեկավար Նաիրա Զոհրաբյանը խորհրդարանին առաջարկում է մինչև ապրիլի 24-ը բոլոր խմբակցությունների կողմից քաղաքական գնահատական տալ Իրաքում «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման կողմից եզդիների նկատմամբ իրականացվող բռնություններին: Ազգային ժողովի նիստի մեկնարկին Նաիրա Զոհրաբյանը դիմեց Գալուստ Սահակյանին՝ ընդգծելով, որ խորհրդարանը պետք է համապատասխան քաղաքական գնահատական տա Իրաքում եզդիների նկատմամբ իրականացվող վայրագություններին:
«Մենք շատ լավ հասկանում ենք, որ Օսմանյան կայսրությունում եզդիների նկատմամբ տեղի ունեցածը ցեղասպանություն որակելու համար անհրաժեշտ են լուրջ ուսումնասիրություններ և փաստահավաք խմբի աշխատանք, սակայն Իրաքում տեղի ունեցող իրադարձություններին մենք գոնե մինչև ապրիլի 24-ը պետք է տանք քաղաքական գնահատական` հատկապես, որ Հայաստանը պաշտպանել է ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի դիրքորոշումը Իրաքում եզդիների նկատմամբ անմարդկային վայրագությունների վերաբերյալ»,- նշեց Զոհրաբյանը:
Նաիրա Զոհրաբյանն ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանին առաջարկեց հարմար պահի իր մոտ հրավիրել խորհրդարանական բոլոր քաղաքական խմբակցությունների ներկայացուցիչներին՝ այս հարցը քննարկելու համար: Ի պատասխան`Գալուստ Սահակյանն ընդգծեց, որ Իրաքում եզդիների նկատմամբ իրականացվող վայրագությունների հարցում բոլորն էլ համակարծիք են և իրենց կարծիքներն արտահայտել են: «Ես կփորձեմ հրավիրել, տեսնենք ինչ կարող ենք անել:
Ես կարծում եմ, որ այս դեպքում ինչ-որ հայտարարության կարիք չկա, քանի որ մենք Ազգային ժողովում այդ թեմայի վերաբերյալ մի քանի միջոցառումնե ր անցկացրել ենք: Սակայն կքննարկենք, տեսնենք ինչ կստացվի»,- ասաց Սահակյանը: