Ադրբեջանցիները հերթական անգամ խայտառակվել են 143 երկրների խորհրդարանականների առջև
ОбществоՄիջխորհրդարանական միության 132-րդ լիագումար նիստի ժամանակ ադրբեջանական կողմը հերթական անգամ խախտել է կանոնակարգն ու անհամարժեք կեցվածք դրսևորել: Նիստի աշխատանքների մանրամասները լրագրողներին ներկայացրԵց Միջխորհրդարանական միության հայկական պատվիրակության անդամ Կարինե Աճեմյանը: «Մարտի 26-ից ապրիլի 1-ը մեր պատվիրակությունը ներկայացրել եմ ես՝ Միջխորհրդարանական միության 132 լիագումար նիստին, որը տեղի է ունեցել Վիետնամում: Այս միությունը մի կառույ ց է, ուր ներկայացված են 166 երկրների խորհրդարանականներ: Այս նիստին մասնակցել են 145 երկրների պատվիրակներ` խոսնակների, փոխխոսնակների և պատգամավորների մակարդակով: Միջխորհրդարանական միությունը լավ հարթակ է պաշտոնական ու մասնավոր հանդիպումների միջոցով մեր հարցերը բարձրացնելու, փոխադարձ համաձայնություններ ձեռք բերելու համար»,- նշեց Կարինե Աճեմյանը:
Պատգամավորի խոսքով` ադրբեջանական կողմը երկանգամյա դադարից հետո այս տարի մասնակցել է Միջխորհրդարանական միության լիագումար նիստին, որի ժամանակ էլ առիթը բաց չի թողել ու կրկին բարձրացրել իբր «օկուպացված տարածքների» հարցը: «Նրանք նախկին երկու նիստերը բոյկոտել էին այն բանից հետո, երբ որոշվել էր միության լիագումար նիստը Ադրբեջանում չանցկացնել իրենց «սև ցուցակի» պատճառով: Ի զարմանս մեզ` ադրբեջանական կողմն այս անգամ եկել էր նիստին, որին ներկայացել էր երկու պատգամավորի, Վիետնամում իրենց դեսպանի ու թուրքական դեսպանատան աշխատողի հետ: Մարդու իրավունքների հանձնաժողովի նիստի ժամանակ, որի ընթացքում խոսվում է միմիայն մարդու իրավունքների մասին, իրենք ձայն խնդրեցին ու, ինչպես միշտ, խոսեցին իբր 20 տոկոս «օկուպացված տարածքների» մասին, ու իրենց դժգոհությունը ներկայացրին միջազգային փաստաթղթերում ադրբեջանական կողմի պահանջները չներառելու առթիվ»,- տեղեկացրեց Կարինե Աճեմյանը:
ՀՀ ԱԺ պատգամավորը արձագանքել է ադրբեջանական պատվիրակներին` նշելով, որ Հայաստանի Հանրապետությունը ոչ մի տարածք չի օկուպացրել, ինչպես նաև վերահաստատել է Հայաստանի դիրքորոշումը հակամարտությունը ԵԱՀԿ Մինսկի խմբի ձևաչափով կարգավորելու մասին ու հիշեցրել, որ նշյալ ֆորումը նման հարցեր բարձրացնելու հարթակ չէ: Կարինե Աճեմյանի պատասխանը հավանության է արժանացել իր գործընկերների կողմից, իսկ ադրբեջանցիներին ստիպել են լքել դահլիճը, ու նրանք այլևս ոչ մի նիստի չեն մասնակցել: «Նրանք խախտեցին կանոնակարգն այն իմաստով, որ պատգամավոր պատվիրակի փոխարեն Ադրբեջանի կողմից հանդես եկավ Վիետնամում իրենց դեսպանը: Իրենք արդեն որերորդ անգամ ներկայանում են ոչ համարժեք կեցվածքով»,- ավելացրեց պատգամավորը: