Կառավարությունը ջանքեր է գործադրում հայ գործարարներին ԵԱՏՄ շուկային ինտեգրելու և ներդրումներ ներգրավելու համար
ОбществоՀայ գործարարներին Եվրասիական տնտեսական միության շուկային ինտեգրելու համար Հայաստանի Հանրապետության կառավարությունը էական ջանքեր է գործադրում: Այս մասին Ազգային ժողովում կառավարության հետ հարց ու պատասխանի ընթացքում նշեց ՀՀ փոխվարչապետ, միջազգայի տնտեսական ինտեգրման և բարեփոխումների նախարար Վաչե Գաբրիելյանը՝ պատասխանելով ԱԺ ՀՅԴ խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանի հարցին: «Կառավարությունն այդ ուղղությամբ էական աշխատանքներ տանում է, և դուք էլ այդ աշխատանքներին ականատես եղել եք: Մասնավորապես, խորհրդարանում խմբակցությունների հետ հանդիպումներ են տեղի ունեցել, որոնց ընթացքում քննարկվել են նաև հարցեր կապված Եվրասիական տնտեսական միության շուկային հայ գործարարների ինտեգրման հետ: Մենք գործարարների համար անցկացնում ենք նաև բազմաթիվ միջոցառումներ, ինչի շնորհիվ այն տեխնիական խոչընդոտները, որոնք կարող էին առաջանալ, հնարավորինս ուղղվել են: Մենք այդ տեսակետից ունենք որոշակի բարելավումներ»,- ընդգծեց Գաբրիելյանը:
Ըստ նրա՝ լուրջ աշխատանքներ են տարվում հոկտեմբերին Երևանում ներդրումային ֆորում կազմակերպելու ուղղությամբ, որը մեծ ջանասիրությամբ կազմակերպում է ՀՀ էկոնոմիկայի նախարարությունը: «Ազգային ժողովի պատգամավոր Հրանտ Բագրատյանի կողմից կա նախաձեռնություն՝ Հայաստանում ներդրումային ֆորում կազմակերպելու վերաբերյալ, որին Հայաստանի կառավարությունը ևս աջակցում է»,- հայտնեց Գաբրիելյանը:
Անդրադառնալով պատգամավորի մյուս հարցադրմանը՝ Ռուսաստանից գազը ռուբլով գնելու հնարավորության վերաբերյալ՝ Վաչե Գաբրիելյանն ընդգծեց, որ Ռուսաստանն այս պահի դրությամբ՝ գազը ռուբլով որևէ երկրի չի վաճառում, նման նախադեպ չկա: Նրա խոսքով՝ ռուսական կողմի հետ բանակցություններ տարվում են՝ գազի գնի հետ կապված, սակայն այս պահին առաջընթացի կամ որոշումների մասին խոսելու համար դեռ վաղ է: Նա վստահեցրեց, որ հարցը շարունակելու է գտնվել Կառավարության ուշադրության կենտրոնում՝ ընդգծելով, որ ԵԱՏՄ-ի շրջանակներում քննարկվելու են նաև շուկայի ազատակա նացման հետ կապված հարցեր: