Ադրբեջանը հայտնում է ադրբեջանցի զինծառայողների զոհվելու եւ վիրավորվելու մասին
ОбществоՀայտնի է դարձել, որ ադրբեջանական բանակի երկու զինծառայողներ` ավագ լեյտենանտ Անար Քերիմովը եւ պայմանագրային զինծառայող Մեհթի Զեյնալովը Նախիջեւանում հայտնվել են ձնաբքի մեջ եւ զոհվել` գլորվելով ձորը:
Այս մասին հայտնում է haqqin.az լրատվական կայքը` չնշելով տեղեկատվության աղբյուրը: Կայքը հայտնում է, որ Մ.Զեյնալովի դիակը հայտնաբերվել է, իսկ Ա.Քերիմովի դիակի որոնումները շարունակվում են:
Կայքը հայտնում է, որ, բացի այդ, ադրբեջանական բանակի Բեյլագանի զորամասի երեք զինծառայողներ վիրավորվել են հայկական կողմի ականանետային գնդակոծության հետեւանքով եւ տեղափոխվել Կենտրոնական կլինիկական հոսպիտալ:
Նշենք, որ այս տեղեկատվությունը հայկական ԶԼՄ-ները` հղում կատարելով ադրբեջանական ոչ պաշտոնական աղբյուրներին, հայտնել էին դեռեւս ապրիլի 7-ին:
Ադրբեջանը հաճախ առաջնագծում զինադադարը խախտելու կամ զինված ուժերի կողմից իրագործած դիվերսիոն գործողություններից հետո ունեցած իր կորուստները, որպես կանոն, միջադեպերին հաջորդող օրերին ներկայացնում է որպես ոչ կանոնադրական հարաբերությունների, ինքնասպանության, անվտանգության կանոնների խախտման, անզգուշության, հիվանդության կամ ճանապարհատրանսպորտային պատահարի արդյունք:
Թեւ Ադրբեջանը սեփական զինուժում գրանցված մահվան դեպքերի ու արտակարգ պատահարների մասին տեղեկությունները մինչ այժմ թաքցրել է սեփական հանրությունից, այդուհանդերձ, ՀՀ պաշտպանության նախարարության եւ ԼՂՀ պաշտպանության բանակի կողմից սեփական միջոցներով ձեռք բերված տեղեկությունների համաձայն` տարվա սկզբից մինչ այժմ ադրբեջանական բանակի կորուստը կազմել է առնվազն 65 զինծառայող եւ 31-ից ավելի վիրավոր: