Ցանկացած ոչ իշխանական ուժ կարող է իշխանափոխության խնդիր դնել, բայց ոչ ապրիլի 24-ին. Արմեն Ռուստամյան
ИнтервьюԱզգային ժողովի ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանն այն տպավորությունն ունի, որ Ժիրայր Սեֆիլյանն ու «Հիմնադիր խորհրդարանի» մյուս անդամներն իրենք էին ուզում ձերբակալվել: Այս մասին պատգամավորը հայտնեց Ազգային ժողովում կայացած ճեպազրույցների ժամանակ` պատասխանելով լրագրողների հարցերին: «Երբ ձերբակալության ընդհանուր պատկերն ու հիմքերը պարզ դառնան, նոր կհասկանանք, թե կային արդյոք հիմքեր կանխարգելում գործողությունն իրականացնելու համար: Ժամանակին այս թեմայով խոսել եմ, որը սխալ է ընկալվել ու, փոխանակ զգուշացում լիներ նույն Սեֆիլյանին ու նրա ընկերներին, վայրահաչություններ լսեցի: Անկհայտ էր, որ իրենց քայլը կարող էր բերել այսպիսի հետևանքների»,-նշեց պատգամավորը:
Արմեն Ռուստամյանի խոսքով, ապրիլի 24-ին հեղափոխական քայլեր նախապատրաստելը պետք է ունենար համապատասխան վերաբերունք ու վերահսկվեր: «Ակնհայտ բաները պետք է կարողանալ տեսնել, եթե դա չեն տեսնում մանավանդ քաղաքական պայքարի դուրս եկած մարդիկ, դա պրոբլեմ է իրենց համար: Պետք է կարողանան հաշվել դիմացինի քայլերը և իմանան, թե տարբեր իրավիճակներում ինչպես պետք է գործեն: Իշխանափոխության խնդիր կարող է դնել ցանկացած ոչ իշխանական ուժ, բայց դրա ժամանակը կա, տեղը կա ու անելու ձևերը կան: Նրանք կարող են իրենց պայքարը շ արունակել, բայց չկենտրոնանալ ապրիլի 24-ի վրա»,-հայտնեց Արմեն Ռուստամյանը:
Հրապարակային միջոցառումների անցկացման վայրերում 2015թ. ապրիլի 24-ին զանգվածային անկարգությունների նախապատրաստության դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի ՀԿԳ քննության գլխավոր վարչության վարույթում քննվող քրեական գործի շրջանակներում ապրիլի 7-ին ձերբակալվել է 4 անձ։ ՀՀ քրեական օրենսգրքի 35-225-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված հանցագործություն կատարելու կասկածանքով ձերբակալվել են Վարուժան Ավետիսյանը, Պավել Մանուկյանը, Գևորգ Սաֆարյանը, Ժիրայր Սեֆիլյանը: