Օգուտներ, որոնք տվեց Քարդաշյանը Հայաստան կատարած իր այցելությամբ
ОбществоՀայտնի հեռուստաաստղ Քիմ Քարդաշյանի այցելությունը Հայաստան կարծես թե նոր շունչ բերեց հայկական իրականության մեջ: Փողոցով քայլող, իր երկրպագուների հետ սելֆիներ անող եւ ինքնագրեր բաժանող Քարդաշյանները ցույց տվեցին, թե ինչպես են իրենց դրսեւորում իրական աստղերը:
Նկատենք, որ Քարդաշյանները ոչ միայն հանդիպել են իրենց երկրպագուներին, այլ երեկ հանդիպում են ունեցել նաեւ ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանի հետ, որի ընթացքում խոսվել եւ քննարկվել է Հայոց ցեղասպանության վերաբերյալ մի շարք հարցեր: Քարդաշյանները հայտնել են, որ պայքարը Հայոց ցեղասպանության ընդունման համար շարունակվելու է:
Քարդաշյանների Հայաստան կատարած այցի եւ դրանից ստացած հնարավոր օգուտներ մասին, Orer.am-ը զրուցեց ԱԺ ՀՀԿ խմբակցության անդամ Սամվել Ֆարմանյանի հետ, ով առաջ քաշեց երեք կարեւոր կետ` նշելով.
«Նախ պետք է ասեմ` ես շատ ուրախ եմ, որ Քիմ Քարդաշյանը Հայաստանում է: Առաջին հերթին ես կարծում եմ, որ ընդհանրապես ողջունելի է ցանկացած մեր հայրենակցի այցելությունը Հայաստանի Հանրապետություն, հատկապես նրանց, ովքեր ինչ-որ հանգամանքների բերումով երբեք չեն եղել այստեղ: Այս ամենը նրանց մեծ հնարավորություն է ընձեռում, որպեսզի ճանաչեն իրենց արմատները, տեսնեն պատմական հայրենիքը. խոշոր հաշվով նրանք պետք է այստեղ գան ինչպես իրենց տուն:
Երկրորդ` Քիմ Քարդաշյանը շատ մեծ ճանաչում ունի եւ գտնվում է զանգվածային լրատվամիջոցների մշտական ուշադրության կենտրոնում, հետեւաբար ինչպես տեսնում ենք, դեռ մեկ օր է անցել, իսկ իր այցելությունը մեծ խթան է դարձել համաշխարհային լրատվամիջոցների համար, որպեսզի իր այցելության համատեքստում լուսաբանեն եւ’ Հայատանի Հանրապետության, եւ’ Հայոց ցեղասպանության հարցը:
Երրորդ կարեւոր կետը, որը ես կնշեի` այն հանգամանքն է, որ պետք է ճանաչենք աշխարհն այնպես, ինչպես այն կա: Մենք չպետք է վիճարկենք աշխարհակարգը ու ասենք այն ճիշտ է, թե սխալ: Ամեն ինչ պետք է ընդունենք այնպես, ինչպես կա»:
Սոսե Չանդոյան