Հայրենական Մեծ պատերազմի 13 վետերան լսողության հետազոտություն է անցել
ОбществоՀայրենական Մեծ պատերազմում հաղթանակի 70-ամյակին նվիրված միջոցառումների շրջանակում, ՀՀ առողջապահության նախարարի հրամանով, ստեղծվել է պատերազմի մասնակիցներին անհրաժեշտ բժշկական օգնության և սպասարկման միջոցառումները համակարգող խորհուրդ: Ինչպես տեղեկացրին ՀՀ առողջապահության նախարարության հասարակայնության հետ կապերի բաժնից, Երևանի «Արամյանց» բժշկական կենտրոնում կատարվել է լսողության խնդիրներ ունեցող 13 վետերանի աուդիոմետրիկ հետազոտություն:
Կենտրոնի քիթ-կոկորդ-ականաջաբան Քնար Դավթյանի խոսքով` հետազոտված բոլոր հիվանդների մոտ ախտորոշվել է տարբեր աստիճանների սենսոնևրալ ծանրալսություն, բոլորին ցուցված է լսողական սարք:
«Տոնալ շեմքային աուդեոմետրիայի միջոցով որոշվում է՝ արդյոք տվյալ հիվանդն ունի՞ լսողական սարքի կարիք, թե՝ ոչ»,- ասել է բժիշկը:
Հայրենական Մեծ պատերազմի մասնակից Սոս Մովսիսյանը 92 տարեկան է, վնասված է նրա լսողական նյարդը, առկա է ծանրալսություն, նա նույնպես ունի լսողական սարքի կարիք: Վետերանն իր գոհունակությունը հայտնեց ՀՀ առողջապահության նախարարության կողմից «Արամյանց» բժշկական կենտրոնում իրականացվող այս նախաձեռնության համար, որը բժշկական կենտրոնի ղեկավարության հավաստմամբ` շարունակական կլինի:
Հաջորդիվ` հետազոտությունների արդյունքների հիման վրա ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը պատերազմի մասնակիցներին կտրամադրի լսողական սարքեր: