Կաթոլիկ եկեղեցու մատուցած պատարագը հարգանք էր Եղեռնի զոհերի նկատմամբ. Աջապահյան
ИнтервьюԿաթոլիկ եկեղեցու մատուցած պատարագը հարգանք է Հայոց ցեղասպանության նահատակների նկատմամբ: Ցեղասպանության ժամանակ, առաքելականների հետ միասին, նահատակվեցին շատ կաթոլիկ հայեր, և այն, ինչ այսօր տեղի ունեցավ Վատիկանի Սուրբ Պետրոսի տաճարում, Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված պատարագով, փաստում է, որ կաթոլիկ եկեղեցին եւս ընդունում է Հայոց ցեղասպանությունը:
Այս մասին իր կարծիքը հայտնեց Շիրակի թեմի առաջնորդ Միքայել եպիսկոպոս Աջապահյանը: «Այս քայլով կաթոլիկ եկեղեցին իր հարգանքի տուրքն է արտահայտում Ցեղասպանության նահատակների նկատմամբ, մանավանդ որ, նրանց թվում առաքելականների կողքին, եղել են նաև շատ կաթոլիկներ»-, նշեց սրբազանը:
Խոսելով Գրիգոր Նարեկացուն՝ Տիեզերական եկեղեցու վարդապետ հռչակելու մասին, սրբազանը փաստեց, որ սրանով կաթոլիկ եկեղեցին անվերապահորեն ճանաչում է Նարեկացու մեծությունը:
«Այս քայլով կաթոլիկ եկեղեցին անվերապահորեն ճանաչում է Սուրբ Նարեկացու տիեզերական մեծությունը: Նարեկացու Տիեզերական վարդապետ հռչակելն անակնկալ էր, քանի որ Նարեկացին կաթոլիկ չէր և այս քայլով՝ ոչ կաթոլիկ մի վարդապետ ճանաչվում է կաթոլիկ եկեղեցու վարդապետ, որը նշանակում է, որ իր ասածն այլևս վավերական է կաթոլիկ եկեղեցում»,-ավելացրեց Միքայել սրբազանը: