Ի՞նչ օգուտ կտան Հայաստանին օդում մնացած հայ-թուրքական արձանագրությունները
ПолитикаՕրերս ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանն իր հարցազրույցում անդրադարձել էր հայ-թուրքական հարաբերությունների ներկա վիճակին` նշելով, որ հարաբերությունները միանշանակ վատացել են:
Ըստ Ռ. Քոչարյանի` տվյալ ժամանակահատվածում եւ հարաբերությունները կարգավորելու գործընթացում բացասական դեր են խաղացել մի շարք հանգամանքներ, այդ թվում` 2009 թվականին ստորագրված հայ-թուրքական արձանագրությունները, որոնք նա անվանել էր «մեռելածին»:
2009 թվականին ստորագրված հայ-թուրքական արձանագրությունների, այդպես էլ չբացված հայ-թուրքական սահմանի եւ Թուրքիայի վարած ներկայիս քաղաքականության մասին Orer.am-ը զրուցեց ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Խոսրով Հարությունյանի հետ, ով նշեց. «Անշուշտ, այն նպատակները, որոնց մենք հետամուտ էինք լինում հայ-թուրքական հարաբերությունների բարելավման ոլորտում, այդ արձանագրություններով մենք դրանց չհասանք: Սակայն չհասանք ոչ թե մեր անգործության արդյունքում, այլ չհասանք, որովհետեւ թուրքական կողմն ակնհայտորեն չդրսեւորեց որեւէ քայլ այդ հարաբերությունները բարելավելու ուղությամբ: Ընդ որում, այդ փաստն այդքան կարեւոր չէ, որքան միջազգային հանրության արձագանքը, իսկ միջազգային հանրությունը հասկացավ, որ հայ-թուրքական հարաբերությունների ձախողման եւ լարվածության պատճառը ոչ թե Հայաստանն է, այլ` Թուրքիան: Շատերի մոտ հարց կառաջանա` հետո ինչ թե Թուրքիան է մեղավոր, կպատասխանեմ` եկեք ուշադրություն դարձնենք մինչ այդ հայ-թուրքական հարաբերությունների բարելավման ուղղությամբ նախաձեռնություններին. արդյո՞ք հայ-թուրքական սահմանը բացելուց առավել մեծ նախադրյալներ կային, իհարկե, ոչ: Ասել, որ որեւէ ազդեցություն չեն թողել այդ արձանագրությունները հարաբերությունների վրա` ճիշտ չէ, եթե դրանք չեն օգնել, համենայնդեպս, չեն էլ վատթարացրել հարաբերությունները»:
Հարցին, իսկ թե ի՞նչ օգուտ կտան Հայաստանին դիվանագիտական հարթակում օդում կախված եւ երբեւէ կյանքի չկոչվող արձանագրությունները, պատգամավորը պատասխանեց. «Նման քայլերը միջպետական հարաբերություններում դիվանագիտական ճնշում գործադրելու հնարավոր գործիքներ են, որոնք միշտ կարելի է օգտագործել: Վերջնական խաչ չենք քաշում արձանագրությունների վրա, որովհետեւ ցանկացած պահի այդ արձանագրություններով կարող ենք ճնշում գործադրել թուրքերի վրա` պետական եւ դիվանագիտական խողովակներով: Մենք, իհարկե, հասկանում ենք, որ առանց այդ փաստաթղթերի էլ սահմանը չի բացվելու, դա այլեւս ակնհայտ է: Միեւնույն է, հայ-թուրքական հարաբերությունների բարելավումը Թուրքիան միշտ կապելու է ԼՂՀ կոնֆլիկտի կարգավորման հետ, հենց այստեղ է որ հարց է առաջանում` ինչո՞ւ մենք պետք է ամենատարբեր միջազգային հարթակներում, միջպետական դիվանագիտական խողովակներում Թուրքիայի վրա դիվանագիտական ճնշում գործադրելու այդ հնարավորությունից հրաժարվենք»:
Սոսե Չանդոյան