Երևանում մեկ շաբաթում 5 ապօրինի շինություն է քանդվել
ОбществоՔաղաքաշինության և հողօգտագործման ոլորտում իրականացվող ամենօրյա հսկողության արդյունքում նախորդ շաբաթ արձանագրվել է իրավախախտման 12 դեպք: Ինչպես տեղեկացրին Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, բացի այդ, թվով հինգ հասցեներում կատարվել են ապօրինի շինությունների քանդման աշխատանքներ: Երևանի քաղաքապետարանում հրավիրված աշխատանքային հերթական խորհրդակցությանը քաղաքապետ Տարոն Մարգարյանը հանձնարարել է շարունակել ուժեղացված հսկողությունը՝ ապօրինաշինությունն առհասարակ բացառելու նպատակով:
Զեկուցվել է, որ վարչական շրջաններում իրականացվում են խոտհունձի, ծառերի կրապատման և Երևանի ավագանու որոշմամբ պարտադիր բարեկարգման այլ աշխատանքներ: Նշվել է նաև, որ տնտեսվարողների կողմից իրականացվող աշխատանքները վերահսկվում են պատասխանատուների կողմից կազմակերպվող շրջայցերի միջոցով: Ընդհանուր օգտագործման կանաչ տարածքների խնամքի պատշաճ ապահովման նպատակով քաղաքապետը հանձնարարել է առավել ակտիվացնել աշխատանքները՝ ներգրավելով նոր աշխատակիցների: