Հռոմի պապի հստակ դիրքորոշումը՝ նախադեպ այլ եկեղեցիների և պետությունների ղեկավարների համար
ОбществоԿաթոլիկ եկեղեցու առաջնորդի մատուցած պատարագը Սուրբ Պետրոսի տաճարում և նրա պատմական ելույթը բացառիկ կարևորության իրադարձություն էր:
Թուրքագետ Ռուբեն Սաֆրաստյանն Orer.am-ի հետ զրույցում նշեց, որ Թուրքիայի ագրեսիվ պահվածքը և դեսպանին արտգործնախարարություն կանչելը վկայում են այն մասին, որ այդ երկրի բարձրագույն ղեկավարությունը լուրջ նյարդայնացած ու անհանգստացած է:
«Առաջին քայլերն արդեն արված են Թուրքիայի կողմից, եղել են նաև պաշտոնական հայտարարություններ, որոնք ցինիկ բնույթ են կրել: Մի խոսքով՝ շարունակվում է թուրքական պետության ժխտողական քաղաքականությունը: Սրանք են առաջին քայլերը, որոնք ես համարում եմ ջղաձիգ քայլեր: Բոլորս հասկանում ենք, որ նման միջոցառումներն ու հայտարարությունները հենց այնպես չեն լինում: Դրան նախորդում է երկար և նպատակասլաց աշխատանքը: Այս գործում նաև իր դերը կատարեց Հռոմի Ֆրանցիսկոս պապի մարդկային կերպարը և այն հանգամանքը, որ նա դեռ Արգենտինայում ծանոթացել է մեր խնդիրներին, դատապարտել է ցեղասպանությունը, մոտիկ հարաբերություններ է ունեցել այնտեղի հայ համայնքի հետ: Չմոռանանք, որ խոսքը գնում է քրիստոնյա աշխարհի ամենաազդեցիկ մարդկանցից մեկի՝ 100 միլիոն հետևորդ ունեցող կաթոլիկ եկեղեցու առաջնորդի մասին: Նա շատ բարձր բարոյական կեցվածք ցուցաբերեց՝ կրկնելով Բենեդիկտոս պապի օրինակը, ով 1915 թվին ճանաչեց Հայոց ցեղասպանությունը: Չպետք է անտեսվի այս բարոյական պահը: Այս նախադեպը կարող է վարակիչ լինել ոչ միայն մյուս եկեղեցիների առաջնորդների համար, այլ նաև պետական և քաղաքական ազդեցիկ գործիչների համար: Մենք տեսնում ենք, որ, ելնելով ինչ-ինչ հաշվարկներից, շատ երկրների ղեկավարներ խուսափում են ճիշտ շեշտադրումներ անել և հստակ ձևակերպումներ տալ այդ ոճրագործությանը: Ես համոզված եմ, որ Հռոմի պապի այդպիսի կեցվածքը և նրա հստակ մոտեցումները կարող են ազդել նաև այնպիսի խուսանավող պետական գործիչների վրա, որոնց թվում է նաև ԱՄՆ նախագահը, բայց վերջինիս հարցում այնքան էլ հավատ չունեմ»,- ընդգծեց Ռուբեն Սաֆրաստյանը:
Լևոն Փանոսյան