Սևանի 36-ամյա բնակչի սպանության դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ
ОбществоՍևան-Երևան ավտոճանապարհի 59-րդ կմ հատվածում 2015 թվականի ապրիլի 13-ին՝ ժամը 11:00-ի սահմաններում, հայտնաբերվել է Սևան քաղաքի բնակիչ, 36-ամյա Վ. Հայրոյանի դիակը՝ հրազենային վնասվածքներով. հարուցվել է քրեական գործ։ Ինչպես տեղեկացրին ՀՀ քննչական կոմիտեի դեպարտամենտի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից, 2015 թվականի ապրիլի 13-ին՝ ժամը 11:00-ի սահմաններում, ահազանգ է ստացվել, որ Սևան-Երևան ավտոճանապարհին հայտնաբերվել է դիակ։ Անմիջապես դեպքի վայր է մեկնել քննչական խումբը՝ Գեղարքունիքի մարզային քննչական վարչության պետ Ա. Ղազարյանի գլխավորությամբ։
Սևան-Երևան ավտոճանապարհին 59-րդ կմ հատվածին զուգահեռ, նախկին քարհանք վարչություն տանող ճանապարհի հարակից հատվածում, հայտնաբերվել է «Հայփոստ» ՓԲԸ-ի Սևանի մասնաճյուղի «RENAULT LOGAN» մակնիշի 315 LV 61 հաշվառման համարանիշի ավտոմեքենան, որի մոտ հայտնաբերվել է Սևան քաղաքի բնակիչ, 1979թ. թվականին ծնված Վիգեն Հայրոյանի դիակը՝ գլխի և կրծաքավանդակի շրջանում հրազենային վնասվածքներով։ Դեպքի վայրի զննությամբ դիակից քիչ հեռու հայտնաբերվել է «Մակարով» տեսակի ատրճանակ:
Գեղարքունիքի մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 1-ին մասի և 235-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով։ Ձեռնարկվում են անհետաձգելի քննչական և դատավարական միջոցառումներ սպանության հանգամանքները, առերևույթ հանցագործություն կատարած անձի ինքնությունը պարզելու ուղղությամբ։