Սուրեն Սուրենյանցը՝ Ուրիխանյանի և Փաշինյանի նոր ստեղծվելիք կուսակցությունների մասին
ПолитикаԱկնհայտ է, որ Հայաստանի ընդդիմադիր դաշտում նոր բևեռների ձևավորման անհրաժեշտություն կա: Այդ հանգամանքը պայմանավորված է նրանով, որ որոշ քաղաքական ուժեր և միավորումներ թուլացան, փոշիացան կամ փլուզվեցին: Հանրության մեջ պարբերաբար շրջանառվում է այն կարծիքը, որ մեզ պետք են երիտասարդ, թարմ ուժեր, իսկ այսօր քաղաքական սերնդափոխությունը հապաղում է:
Հայտնի է, որ ԱԺ երիտասարդ պատգամավորներ Նիկոլ Փաշինյանը և Տիգրան Ուրիխանյանն այս շրջանում ձևավորում են նոր քաղաքական միավորներ՝ «Քաղաքացիական պայմանագիր» և «Ալյանս» Առաջադիմական Ցենտրիստական կուսակցություն անվանումներով: Հայաստանում կուսակցությունները և նրանց դերակատարումը շատ հաճախ պայմանավորված է լինում առաջնորդի խարիզմայով և անձնական այլ ռեսուրսներով՝ այդ թվում ֆինանսական, իսկ գաղափարական հենքի մասին խոսելը շատ դեպքերում ավելորդ է:
Orer.am-ը զրուցել է քաղաքագետ Սուրեն Սուրենյանցի հետ՝ պարզելու համար նրա տպավորությունը նոր ստեղծվող կուսակցությունների քաղաքական ասելիքի և հեռանկարների մասին:
Սուրեն Սուրենյանցը մասնավորապես նշել է. «Փաշինյանի և Ուրիխանյանի նախաձեռնություններն ունեն շատ տարբեր հիմքեր, տարբեր արմատներ և հեռանկարներ: Նիկոլ Փաշինյանն իր քաղաքական հայտը ներկայացրել է դեռ 2007-ին` շարժվելով առաջ որոշակի քաղաքական տրամաբանությամբ: Տիգրան Ուրիխանյանի կողմից կուսակցություն ստեղծելն ավելի շատ պայմանավորված է Գագիկ Ծառուկյանի քաղաքականությունից հեռացմամբ: Ուրիխանյանն իր հեռանկարը կապում էր ԲՀԿ-ի հետ, որովհետև այդ կուսակցությունն` ի դեմս Գագիկ Ծառուկյանի, ուներ ազդեցիկ լիդեր: Ծառուկյանի գնալով՝ Ուրիխանյանն այնտեղ մնալու իմաստ չտեսավ, այդ պատճառով էլ ձևավորում է նոր կուսակցություն:
Եթե Նիկոլի պարագայում ես որոշակի պոտենցիալ տեսնում եմ, որը կարող է նպաստել ազատական դաշտի կոնսոլիդացմանը, ապա Ուրիխանյանի պարագայում ինձ համար անհասկանալի է՝ ինչ գաղափարական արժեքների վրա է ստեղծվում նրա «Ալյանս» կուսակցությունը:
Առհասարակ կարող եմ ասել, որ ոչ մի քաղաքական նախաձեռնության համար էլ առանձնապես հեռանկար չեմ տեսնում, որովհետև այսօր այդ առումով Հայաստանում նպաստավոր պայմաններ չկա: Բայց այն, ինչ ուզում է Նիկոլ Փաշինյանը, այն, ինչ ձևակերպել է Նիկոլ Փաշինյանը ինձ համար հասկանալի է, որովհետև այդ ամենը նրա 8 տարվա հետևողական, հրապարակային գործունեության արդյունքն է: Շատ հստակ է՝ ինչ է ուզում Նիկոլ Փաշինյանի «Քաղաքացիական պայմանագիրը», շատ հստակ են սոցիալական շերտերը, որոնք աջակցելու են այդ քաղաքական միավորին: Պարզ են նաև Նիկոլի հնարավոր դաշնակիցները: Այդ առումով «Քաղաքացիական պայմանագրի» հեռանկարը շատ ավելի կանխատեսելի է: Տիգրան Ուրիխանյանի և նրա կուսակցության գաղափարային, ծրագրային դրույթներն ու հեռանկարներն ինձ համար կանխատեսելի չեն»:
Լևոն Փանոսյան